Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը 20 կին քաղբանտարկյալների ազատ արձակելու պահանջով արշավ է սկսում


ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուեր, արխիվ
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուեր, արխիվ

Միացյալ Նահանգները ուշադրություն է հրավիրում իրենց հայացքների կամ քաղաքական գործունեության համար «անարդարացիորեն» ճաղերի հետևում հայտնված կին քաղբանտարկյալների խնդրին։

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը երեքշաբթի օրը ԱՄՆ պետդեպարտամենտում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ կազմվել է 20 կանանց ցանկ, ովքեր դատապարտվել են քաղաքական և այլ դրդապատճառներով:

«Մենք ձեր մասին չենք մոռացել, մենք շարունակելու ենք ձեր կառավարությունների վրա ճնշում գործադրել, որպեսզի ձեզ ազատ արձակեն», - հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

Պաշտոնական Վաշինգտոնի բնորոշմամբ՝ «անարդարացիորեն բանտարկված» կամ «խղճի բանտարկյալ» այդ 20 կանանց ցանկում, մասնավորապես, ընդգրկված են նախօրեին Բաքվում 7.5 տարվա ազատազրկման դատապարտված հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի, 8.5 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի, ռուս լրագրողների սպանության մեջ մեղադրվող, ռուսական բանտում գտնվող ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի անունները։

«Թվարկելով այս կանանց անունները՝ մենք դիմում ենք նրանց կառավարություններին. եթե դուք ուզում եք ընդլայնել կանանց հնարավորությունները, մի փակեք նրանց բանտերում իրենց հայացքների համար», - հայտարարել է Փաուերը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը արշավն անվանել է #FreeThe20 (ազատություն 20-ին)։

XS
SM
MD
LG