Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտահոգված է Յունուս ամուսինների դատավճռով


Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ
Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը խորը անհանգստություն է հայտնել՝ կապված Բաքվի դատարանի երեկվա դատավճռի հետ:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեկ 8․5 տարվա ազատազրկման դատապարտեց իրավապաշտպան Լեյլա Յունուսին, 7 տարվա ազատազրկման՝ նրա ամուսնուն՝ քաղաքագետ Արիֆ Յունուսին:

Ինչպես իր հայտարարությունում ընդգծել է Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին, տպավորությունն այն է, որ մեղադրանքները կապված են միայն Լեյլա Յունուսի և Արիֆ Յունուսի իրավապաշտպան գործունեության, ինչպես նաև տարածաշրջանային լարվածության թուլացմանը միտված ժողովրդական դիվանագիտության կառուցողական ծրագրերին նրանց մասնակցության հետ:

Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնում դատական գործընթացի ժամանակ արձանագրված իրավախախտումների ու հատկապես Լեյլա և Արիֆ Յունուսների առողջության կապակցությամբ՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով կարեկցանք ցուցաբերելով անմիջապես ազատ արձակել նրանց:

Արձագանքելով պաշտոնական Վաշինգտոնի հայտարարությանը՝ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը, APA լրատվական գործակալության փոխանցմամբ, մասնավորապես, ասել է․ - «Կոչ ենք անում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին հարգանքով վերաբերվել առաջին ատյանի դատարանի անկախությանը և նրա մեղադրական դատավճռին»: Նա նաև վստահեցրել է, թե «Ադրբեջանում ոչ ոք չի հետապնդվում իր մասնագիտական գործունեության և քաղաքական հայացքների պատճառով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG