Մատչելիության հղումներ

Հին երևանյան կանգուն մնացած վերջին շենքերի բնակիչների պահանջը չի բավարարվել


Բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում, 10-ը մարտի, 2015թ.
Բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում, 10-ը մարտի, 2015թ.

Ամիսներ առաջ 18 հազարից ավելի ստորագրություններով բնակիչները նամակ էին տարել նախագահական՝ պահանջելով թույլ չտալ, որ կառուցապատող Սամվել Մայրապետյանը քանդի մայրաքաղաքի կենտրոնում հին Երևանից կանգուն մնացած վերջին շենքերը: Նամակը գնացած ճանապարհով էլ հետ է եկել. նախագահականից ուղարկվել է քաղաքապետարան՝ չբավարարելով քաղաքացիների հիմնական պահանջը:

Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գերավետյանը պնդում է՝ 9 տարի շարունակ քաղաքապետարանից միևնույն պատասխանն են ստանում.- «Քաղաքապետարանից եկած պատասխանի մեջ չկա բացարձակ ոչ մի բառ։ Գրված է՝ «Ի պատասխան ՀՀ նախագահին հասցեագրված ձեր դիմում բողոքին՝ հայտնում ենք...»։Ես սա ընդունում եմ որպես նախագահի պատասխան, ոչ թե քաղաքապետի»։

Վարդան Գերավետյանը դատարանի վճռով սեպտեմբերի 31-ին պետք է լքի պապից ժառանգություն ստացած բնակարանը: Ներկայացնելով իր տունը՝ Գերավետյանը բացատրում է, թե ինչու չի պատրաստվում փոխել այն նույն շենքի բակում Մայրապետյանի առաջարկած նորակառույցի հետ:

«Նայեք առաստաղների բարձրությունը, տեսեք ինչ լայնածավալ բնակարան է սա, պատերի հաստությունը կարող ենք նայել, մոտավորապես 65 սմ հաստություն ունի, որը ամառը բավականին զով է պահում բնակարանը, ձմեռը՝ բավականին տաք։ Առաստաղները բարեկարգումից հետո 2.65-ից ավելի չի լինելու, իսկ մեր առաստաղները նոր տեսանք ինչ ծավալային են։ Բացի դրանից [նորակառույցում] երկկողմանի հովանալու խնդիր կա, հանրակացարանի նման երկար միջանցք է և կողքերը բնակարաններ։ Այստեղ համարժեքության մասին խոսք չի կարող լինել»։

Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի փոխարեն գործարար Սամվել Մայրապետյանը պատրաստվում է հյուրանոցային համալիր կառուցել. այս մասին մեզ հետ զրույցում նշել էր ինքը՝ կառուցապատողը: Բնակիչներն էլ զարմանում են՝ գերակա շահը հյուրանո՞ցն է: Պնդում են՝ դուրս կգային իրենց տներից, եթե գնահատող ընկերությունը դատարանում չներկայացներ շուկայականից ցածր գին: Այս հարցով դիմել են իրավապահ բոլոր մարմիններին: Դատախազությունից այսօր նամակ են ստացել, որ ընթացք է տրվել գործին, և ուսումնասիրվում են իրենց ներկայացրած փաստերը: Նշված հասցեում 48 բնակարանից 7-ի դռներն այսօր փակ են՝ ընդունել են Մայրապետյանի առաջարկը, բայց միայն 2-ն են պատրաստվում բնակվել այնտեղ: Մնացածի գործերը թեպետ դատարանում են, բայց չեն պատրաստվում լքել իրենց տները, բողոքարկելու են ու բռունցքներով պահեն իրենց տները:

«Մեր քունը կորել է, մեր հանգիստը կորել է, որովհետև ինչ-որ մեկին սա պետք է՝ ավելի հարստանալու համար։ Եղբա՛յր, չենք թույլ տալու մեր սեփականությանը դիպչել, դիպչելու դեպքում՝ համարժեք փոխհատուցում»։

«Բարիկադներ ենք ստեղծելու, կանգնենք։ Քարերն առնենք, փայտերն առնենք, կանգնենք, դե թող գան մեզ հանեն։ Եթե դա էլ չի անցնի, բոլորս գնալու ենք որևէ երկրի դեսպանատուն, ասելու ենք՝ մենք մեր երկրում տեղ չունենք, մեզ հանում են մեր տներից, ուղարկեք ուրիշ երկիր»։

«Լալայանց փողոցը վերանվանել են Հին Երևանցու, եթե մեր շենքերն էլ վերանան, այդ Հին Երևանցու փողոցը ընդամենը ձեռք առնոցի է ստացվում»։

Սամվել Մայրապետյանն այսօր հրաժարվեց այս թեմայով որևէ հարցի պատասխանել։

XS
SM
MD
LG