«Համաձա՞յն եք, որպեսզի պահպանվի Հյուսիսային պողոտային հարակից ցածրահարկ այս երեք շենքը, երեսպատվի ու մշակութային արժեք համարվի»․ 6 օրվա ընթացքում 4 հազար 400 ստորագրություն է դրվել բնակիչների այս գրավոր առաջարկի տակ:
Տերյան 25-ի բնակիչ՝ ակտիվիստ Վարդան Գերավետյանն ասում է, որ սպառելով ներպետական դատական ատյանները, առաջիկայում նաև այդ ստորագրություններով կդիմեն Եվրադատարան:
Բնակիչների շահերը ներկայացնող փաստաբան Ալինա Ավետիսյանն ասաց, որ խոսքը 56 բնակարանի մասին է, որոնցից 29-ի սեփականատերերը չեն պատրաստվում լքել իրենց տները:
Այս երեք շենքերը կառավարության որոշմամբ գերակա շահ են ճանաչվել 2007-ին: 6 տարի հետո՝ 2013-ին կառավարությունը հաստատել է շենքերի օտարման որոշումը՝ որպես հիմք ընդունելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ տեղեկանքը, ըստ որի տարածքը կառուցապատված է հին ու խարխուլ բնակելի տներով:
Փաստաբանը պնդում է, որ կառավարության որոշմանը կցված փաստաթղթերը կա՛մ անվավեր են, կա՛մ ժամկետանց․ - «Այդ տարածքների վերաբերյալ առաջին որոշումը եղել է 2007 թվականի մարտի 1-ին, ուստի օրենքի նախատեսած 7 տարի ժամկետը արդեն իսկ լրանում է»:
Բնակիչները մինչև այսօր պատկան որևէ ատյանից չեն կարողանում պարզաբանում ստանալ, թե պետության այդ որ կարիքների համար են պատրաստվում քանդել իրենց տները:
Բնակիչներից մեկը պատմեց․ - «Դեռ անցյալ տարի գրել էի քաղաքապետարան մի նամակ: Պատասխանն եմ Ձեզ ներկայացնում․ դեռևս համաձայնեցված նախագիծ առկա չէ․․․ Ես հասկանում եմ այնպես, որ մարդկանց բնակարաններից վտարելն է բացառիկ գերակա հանրային շահ և «Լոքալ դիվելոփերս» ընկերության տնօրեն Սամվել Մայրապետյանի գրպանները լցնելը»:
Բնակիչներից Մելինե Նավասարդյանը չի պատրաստվում իր 4 սենյականոց, 115 քմ մակերեսով բնակարանը 54 մլն դրամով զիջել Մայրապետյանի ընկերությանը: Ասում է, որ այդ գնով կենտրոնում նույն մակերեսով բնակարան չի կարող գնել:
Կինը վիրավորված է․ - «Այնքան ստորացուցիչ է․․․ Միայն նամակներով են մեզ հետ խոսում: Մենք «Լոքալ դիվելոփերս» ընկերության ոչ մի աշխատակցի չենք տեսել, Մայրապետյանի դեմքը ես չգիտեմ: Իրենց պատվից ցածր են համարել գան, նստեն, մեզ հետ զրուցեն, մեր ասելիքը լսեն, մեր խոսքը լսեն»:
65 տարի նույն բնակարանում ապրող, անկողնային ծնողների միակ խնամակալ Անդրանիկ Մկրտչյանն օրեր առաջ դատարանից ստացել է բնակարանը լքելու մասին վճիռը: Ասում է՝ «երկհարկանի բնակարանս ինչպե՞ս ջրի գնով հանձնեմ Մայրապետյանին»: Պնդում է, որ պայքարելու է, դուրս չի գալու բնակարանից․ - «Պետական ռեկետի անվան տակ մեր բնակարանը գնահատել է 22 միլիոն դրամ․․․ Մենք փողոցում ենք հայտնվում: Եթե դուք կարող եք ինձ 22 միլիոն դրամով բնակարան գտնեք քաղաքի կենտրոնում, մեծ սիրով․․․»:
65-ամյա Ֆլորա Ուդումյանը 85 քմ մակերեսով իր բնակարանն այսօր ստիպված է փոխանակել Պուշկին 38/1 հասցեում Մայրապետյանի կառուցած նորակառույց շենքի բնակարաններից մեկի հետ․ - «Ինձ առաջարկում են թղթից պատրաստած մի հատ շիրպատրեբի բնակարան: Ինձ ասում են՝ պալատները թող, գնա կյանքիդ վերջը ապրիր այդ խցում»:
Սամվել Մայրապետյանը, չձայնագրելու պայմանով, «Ազատությանը» փոխանցեց, որ պատրաստվում է տեղում հյուրանոց կառուցել: Ասաց, որ հանդիպել է բնակիչներից մեծ մասի հետ, ովքեր ընդունել են իր առաջարկն ու այսօր բնակվում են առաջարկված նորակառույցում:
«Եթե պայքարում են, որ շենքը չքանդվի՝ դրա հասցեատերը ես չեմ: Ես մրցույթը շահել եմ, շենքն էլ քանդվելու է», - ասաց Մայրապետյանն ու հավելեց, թե ավելորդ է համարում այս թեմայով խոսելը, որովհետև դատարանը պետք է որոշի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: