Մատչելիության հղումներ

ԵՄ երեք երկրները կոչ են անում՝ քայլեր ձեռնարկել Եվրոպա ժամանող ներգաղթյալների խնդիրը լուծելու համար


Միգրանտները Հունգարիա-Սերբիա սահմանին, 30-ը օգոտոսի, 2015թ.
Միգրանտները Հունգարիա-Սերբիա սահմանին, 30-ը օգոտոսի, 2015թ.

Նախօրեին Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան կոչ են անում՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել Եվրոպա ժամանող ներգաղթյալների խնդիրը լուծելու համար։

Նախօրեին այս երկրների ներքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում առաջարկում են Հունաստանում և Իտալիայում հատուկ «թեժ կետեր» ստեղծել, որտեղ հնարավոր կլինի արագորեն մատնահետքեր վերցնել և գրանցել ներգաղթյալներին, ինչը թույլ կտա իշխանություններին արագ որոշում կայացնել այն մարդկանց վերաբերյալ, ովքեր ապաստանի կարիք ունեն:

Եվրամիության այս երեք երկրների պաշտոնյաները նաև կոչ են արել՝ ճգնաժամը քննարկելու նպատակով երկու շաբաթվա ընթացքում Եվրամիության անդամ երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարների համատեղ խորհրդաժողով անցկացնել:

Այս տարի Աֆղանստանից, Բանգլադեշից, Սիրիայից և այլ երկրներից հազարավոր ներգաղթյալներ են զոհվել՝ խարխուլ նավերով կամ անօրինական ճանապարհով Եվրամիություն հասնելու անհաջող փորձեր կատարելիս:

Հունգարական ոստիկանությունը կիրակի օրը հաղորդեց Ավստրիայում 71 միգրանտների սպանության մեջ կասկածվող հինգերորդ անձի ձերբակալության մասին։

Հիշեցնենք, Եվրոպայի կենտրոնում հայտնաբերված դիակներով լի բեռնատարում 71 մահացածների թվում 4 երեխա և 8 կին կար: Ենթադրաբար նրանք Սիրիայից էին:

Անդրադառնալով այս միջադեպին, Հռոմի պապ Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, թե խոստորեն դատապարտում է հանցագործությունները անօրինական միգրանտների դեմ, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, փորձում են հասնել Եվրոպա:

Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ է արել՝ միջազգային համագործակցության միջոցով կանխել այդ հանցագործությունները, որոնք ուղղված են համայն մարդկության դեմ։

ՄԱԿ-ի տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին։

Հունգարիայի իշխանություններն անցյալ շաբաթ հայտարարեցին, թե ավարտին են հասցրել Սերբիայի հետ սահմանում փշալարերով ցանկապատի կառուցումը, որի նպատակը անօրինական ներգաղթյալների մուտքը Եվրամիության տարածք կանխարգելումն է։

Պաշտոնական տվյալներով, 140 հազար փախստականներ Եվրոպա են մտել հենց Հունգարիայով։ Ցանկապատի կառուցումը Արևմտյան Եվրոպայում բուռն քննադատության տեղիք է տվել. սկանդալային որակելով Հունգարիայի քաղաքականությունը՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է. - «Հունգարիան, լինելով Եվրոպայի մաս, չի հարգում համաեվրոպական արժեքները, այդ պատճառով, եվրոպացի իշխանությունները պետք է լրջորեն քննարկեն այդ հարցը Հունգարիայի իշխանությունների հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG