Մատչելիության հղումներ

Ավստրիայում միգրանտների դիակներով լի բեռնատար է հայտնաբերվել


Բեռնատարը, որտեղ հայտնաբերվել են միգրանտների դիակները
Բեռնատարը, որտեղ հայտնաբերվել են միգրանտների դիակները

Ավստրիայի ոստիկանությունը դիակներով լի բեռնատար է հայտնաբերել՝ փախստականների 71 մահացած մարմիններ, այդ թվում՝ 4 երեխա և 8 կին: Ենթադրաբար նրանք Սիրիայից են:

Մահացած փախստականները հայտնաբերվել են սառցարան բեռնատարում: Մեքենան կանգնած է եղել Վիեննա-Բուդապեշտ արագընթաց ճանապարհի մոտ: Ոչ վարորդ, ոչ էլ ուղեկցող այլ մարդիկ չեն եղել: Եվրոպայի կենտրոնում մահացած մարդկանցով բեռնատարը հայտնաբերվել է երեկ: Ենթադրվում է, որ նրանք հերմետիկ փակ թափքում շնչահեղձ են եղել: Ըստ ոստիկանության՝ մեքենան ճանապարհի եզրին կանգնեցվել է հայտնաբերվելուց առնվազն 24 ժամ առաջ:

Ավստրիայի ոստիկանության խոսնակն ասել է, որ արդեն քայքայվող մարմինների հագուստներում հայտնաբերվել են սիրիական ճամփորդական փաստաթղթեր: Ավստրիայի ոստիկանությունը կասկածում է բուլղարա-հունգարական թրաֆիքինգի շրջանակներին: Այսօր Հունգարիայում երեք մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են տեղի ունեցածին առնչություն ունենալու մեջ։ Ավելի ուշ Հունգարիայի ոստիկանությունը հաղորդեց, որ ձերբակալվել է նաև Աֆղանստանի մի քաղաքացի։

Եվրոպայում յոթ տասնյակ մահացած միգրանտները հայտնաբերվել են այն ժամանակ, երբ Եվրոպայի առաջնորդները Վիեննայում Բալկանյան երկրների հետ քննարկում էին անօրինական միգրանտների պատճառով Բալկաններում ստեղծված ճգնաժամը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասել է, թե միջադեպը ցնցել է Եվրոպայի առաջնորդներին։ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հույս է հայտնել, որ այս ողբերգությունը ԵՄ անդամ որոշ երկրների կստիպի որոշումներ ընդունել և պատասխանատվություն ստանձնել։

Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը անօրինական միգրանտների հոսքի կարգավորման լավագույն տարբերակը գտնելու պատասխանատվությունը դրել է Եվրամիության վրա։ ԵՄ երկրները տարբերակված մոտեցումներ ունեն փախստականների ու անօրինական միգրանտների հարցում: Ակնկալվում է, որ օրինակ, Գերմանիան այս տարի կընդունի 800 հազար միգրանտների, մինչդեռ Հունգարիան ցանկապատ է կառուցում Սերբիայի սահմանին՝ կանգնեցնելու միգրանտների հոսքը:

Աֆղանստանի, Սիրիայի հակամարտության պատճառով հարյուր հազարվոր փախստականներ մղվում են դեպի Եվրոպա՝ հիմնականում Բալկանների վրայով, իսկ Հյուսիսային Աֆրիկայից՝ հիմնականում Լիբիայից փախստականները ծովային ուղիով հասնում են Իտալիա։ Նրանք Միջերկրական ծովը կտրում են խարխուլ լաստանավերով, հաճախ ինքնաշեն նավակներով, որոնք երբեմն տեղ չհասնելով խորտակվում են:

Յուրաքանչյուր տարի այս ճանապարհին հազարավոր մարդիկ են մահանում: Այս տարի արդեն Միջերկրականում 2500-ից ավելի փախստական է զոհվել, չհաշված 200 մարդու, որոնք խորտակվել են վերջին մեկ օրվա ընթացքում։ Նրանց տվյալները դեռ ճշտվում են: Անցյալ տարի Միջերկրականում 3500 մարդ էր զոհվել կամ անհետ կորել:

XS
SM
MD
LG