Մատչելիության հղումներ

Նախագահական գնացած գրեթե բոլոր ուժերը «պառլամենտական համակարգին և համամասնական ընտակարգին անցնելը դրական են գնահատել»


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

Սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ կանցկացվեն նաև անկախ պատգամավորների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ։

Վերջին երկու օրերին սահմանադրական փոփոխությունների շուրջ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական խորհրդակցություններին մասնակցած գրեթե բոլոր ուժերը պառլամենտական համակարգին և համամասնական ընտակարգին անցնելու գաղափարը դրական են գնահատել, երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկը մերժել էին միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն»-ը։ Վերջինիս փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Ազատության»-ը փոխանցել էր, որ պատճառը նախորդ հանդիպման ժամանակ իրենց հնչեցրած առաջարկությունները չընդունելն է։

Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա կոնսուլտացիաների առաջին փուլում այս կուսակցությունը ընդհանրապես հանդիպման հրավեր չէր ստացել, իսկ այս անգամ ստացել, բայց մերժել էր։

ՀԱԿ-ում սահմանադրական փոփոխությունները «Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագիր են համարում» և պայքարելու են դրա դեմ։

Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե որքանո՞վ է երկու ընդդիմադիր կուսակցություների՝ նախագահի հետ կոնսուլտացիաներին չմասնակցելը վնասում գործընթացին, կասկած հայտնեց, թե «Ժառանգության»-ը և ՀԱԿ-ին կարելի է կուսակցություն անվանել՝ ավելացնելով, որ «միայն մեծ ցանկության դեպքում և վերապահումով է հնարավոր այս ուժերին կուսակցություն կոչել»։

«Որովհետև, գոնե «Ժառանգության» դեպքում, մենք գիտենք, որ նրանց խմբակցության ղեկավարը դրական է խոսել քննարկումների վերաբերյալ, երկրորդը՝ «Ժառանգության» խմբակցություն, գոնե ֆորմալ առումով, խմբակցությունում ներկա Ալեքսանդր Արզումանյանը, ով այլևս ներկայացնում է «Հայոց համազգային շարժում»-ը արդեն հանդիպել է Հանրապետության նախագահին և քննարկել է սահմանադրական բարեփոխումների փաթեթը։ Նույնը կարող եմ ասել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ պարոն Խաչատուր Քոքոբելյանի վերաբերյալ», - ասաց Հանրապետականի խոսնակը։

Անդրադառնալով ՀԱԿ-ին՝ Շարմազանովը նշեց. - «Դե, ՀԱԿ-ի մասին ի՞նչ ասեմ, ՀԱԿ-ն ինքն իրեն արդեն երկար տարիներ գցել է լուսանցք, որովհետև յուրաքնաչյուր քաղաքական ուժ պետք է ունենա երկու գործառույթ՝ մասնակցել ընտրություններին, իսկ մենք տեսնում ենք, որ որևէ ՏԻՄ ընտրությանը ՀԱԿ-ը չի մասնակցում, և գործառույթ համար երկու՝ մասնակցել քաղաքական դեբատներին, ՀԱԿ-ը ևս սրանց չի մասնակցում։ Եթե քաղաքական ուժը ընտրությունների չի մասնակցում, քաղաքական դեբատներին չի մասնակցում, եթե նա քաղաքական ուժ է, ուրեմն դուք կարող եք ասել, ես չեմ մեկնաբանում»։

Էդուարդ Շարմազանովի խոսքով, առաջիկայում սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները շարունակվելու են, հանդիպումներ կանցկացվեն նաև անկախ պատգամավորների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ։

XS
SM
MD
LG