Ազգային ժողովի պատգամավիր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելել է Հայկ Կյուրեղյանին:
Կյուրեղյանին, հիշեցնենք, մեղադրող դատախազը պահանջել է դատապարտել 14 տարվա ազատազրկման:
«Կյուրեղյանի դատավարությունը դեկտեմբերից ընթանում է նրա բացակայությամբ. նա դատական սանկցիայի կիրառմամբ 10 ժամով հեռացվել է նիստերի դահլիճից ու այդ տասը ժամը չգիտես ինչու 8 ամսում չի լրացել», - գրել է պատգամավորը:
Կյուրեղյանը պատգամավորին փոխանցել է, որ ցանկանում է դատարանում պաշտպանական ճառով հանդես գալ: Փաշինյանը, սակայն, թերահավատ է, որ դա նրան կհաջողվի․ - «Մեծ է հավանականությունը, սակայն, որ առաջիկա դատական նիստերին էլ նրան դատարան չեն տանի, այսինքն կզրկեն պաշտպանական ճառով և վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից»:
«Որպես ՀՀ քաղաքացի և ԱԺ պատգամավոր դատապարտում եմ Կյուրեղյանի նկատմամբ կիրառվող հաշվեհարդարային մոտեցումը և արձանագրում. դատարանը ուղղակիորեն ոտնահարում է Հայկ Կյուրեղյանի անօտարելի իրավունքները», - եզրափակել է Փաշինյանը: