Անհատ ձեռներեցներից շատերն այսօր անակնկալի են եկել. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) աշխատակիցները էլեկտրաէներգիայի սակագնի նոր պայմանագիր են նրանց ներկայացրել, ըստ որի ՓՄՁ-ները պարտավորվում են էլեկտրաէներգիայի մեկ կվտ/ժամի համար վճարել 48.78 դրամ, նախկին 41.85-ի փոխարեն։
Անհատ ձեռներեց Օֆիկ Սվարյանն, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ստիպված է եղել ստորագրել պայմանագիրը, քանի որ ՀԷՑ-ի աշխատակիցը նախազգուշացրել է, որ հակառակ դեպքում հոսանքը կանջատի։
Հիշեցնենք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը, էլեկտրաէներգիայի թանկացման բեռն իր վրա կվերցնի Հայաստանի կառավարությունը: Կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ խոշոր բիզնեսը փոխհատուցում չի ստանա։ Իսկ փոքր և միջին ձեռներեցների հարցում դեռ հստակեցում չկար։