Մեծ Բրիտանիան այսօր վերաբացել է իր դեսպանությունը Իրանում:
Թեհրանում դեսպանատան շենքի վրա բրիտանական դրոշը բարձրացրել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը:
Նա հայտարարել է, որ Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աշխատանքների վերսկսումը կարևոր քայլ է երկու երկրների հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
Թեհրանում բրիտանական դեսպանատունը փակվել էր 2011 թվականին, երբ ծայրահեղականների կողմից հարձակման էր ենթարկվել Իրանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով: Այդ հարձակումից քիչ անց դեսպանությունը փակվել էր:
2013-ին երկու երկրները վերականգնել էին դիվանագիտական հարաբերությունները՝ նշանակելով ժամանակավոր հավատարմատարներ:
Այս տարվա հուլիսի 14-ին Իրանի և աշխարհի 6 գերտերությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու շուրջ, որից հետո Արևմուտքի ու Իրանի հարաբերությունները սկսել են ջերմանալ: