Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Բանակում ոչ ոք իրավունք չունի ոտնահարել ոչ մեկի արժանապատվությունը»


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպել է «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է հավաքի մասնակիցներին, խոսել է բանակի առօրյայի մասին:

Սեյրան Օհանյանը նշել է, որ հայկական բանակի կարևորագույն ուղղություններից մեկը ռազմական կարողությունների ավելացումն է։ Ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում օրըստօրե ձեռք ենք բերում ժամանակակից, համատեղելի սպառազինություն և ռազմական տեխնիկա, որոնք ավելի ճշգրիտ են, հեռահար և ընդհանուր առմամբ անվտանգության համակարգի մեջ զսպման մեխանիզմների հիմք են կազմում։

Նախարարը խոսեց նաև ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Նպատակ է դրվել, որպեսզի յուրաքանչյուր զինվոր, պատասխանատվությունից բացի, իմանա նաև իր իրավունքները

«Ի վերջո իրավունքների իմացության, արժանապատվության պահպանման համատեքստում ձևավորվում են համապատասխան կարողություններ, որոնք ասպետական հատկանիշներ են։ Զինված ուժերում արժանապատվության բարձր հատկանիշների պահպանումը կարևոր ուղղություն է։ Ես շատ դեպքերում հրամանատարներին հորդորում եմ, որ ավելի մեծ ուշադրություն դարձնեն մարդու անձնական սեփականության ամենակարևոր տարրին՝ արժանապատվությանը։ Ես միշտ ասում եմ մեր ենթականերին՝ բանակում ոչ ոք, ինձնից սկսած, իրավունք չունի ոտնահարել ոչ մեկի՝ ամենավերջում կանգնած զինվորի արժանապատվությունը», - ասել է Սեյրան Օհանյանը::

Պաշտպանության նախարարը պատասխանեց նաև բազեականների հարցերին։ Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտին վերաբերող հարցադրմանը՝ Սեյրան Օհանյանը նկատել է, որ պաշտպանության և անվտանգության խնդիրները նոր սահմանադրության մեջ երաշխավորված են։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG