Մատչելիության հղումներ

Մահացած ծննդկանի հարազատները պահանջում են ժամանակավորապես կասեցնել բժիշկ Բախշյանի գործունեությունը


Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը լրագրողների հետ հանդիպմանը:
Մերի Մարգարյանի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Նախորդ ամիս հիվանդանոցում մահացած 26-ամյա Մերի Մարգարյանի հարազատները տարակուսում են, թե ինչու է իրենց դստեր հղիությունը հսկած Շուշանիկ Բախշյանը վերադարձել աշխատանքի, երբ դեռևս հստակ չէ՝ արդյո՞ք հենց նրա անփութությունը չէր Մերիի ու նրա նորածին աղջկա մահվան պատճառը:

Մերի Մարգարյանի եղբայրը՝ Մարտին Մարգարյանը, տեղյակ է, որ օրենքը քննության այս փուլում բժշկին չի արգելում աշխատել, բայց նեղսրտում է՝ քրեական գործը հենց նրա անփութության մասով է հարուցված․ - «3 օր հրաժարվել է հոսպիտալացնել բարձր ջերմություն ունեցող քրոջս, մեզ հեգնել է, ծաղրել: Տնօրինությունը գոնե բարոյական կամք պետք է դրսևորեր ու նրան մինչև քննության ավարտն արգելեր աշխատել»:

Հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ Դավիթ Մխիթարյանը: Ավելի վաղ հարցաքննվել են կենտրոնի այլ բուժաշխատողներ՝ այդ թվում բժիշկ Շուշանիկ Բախշյանը, ով գործով դեռևս անցնում է որպես վկա: Դավիթ Մխիթարյանը հարցաքննութունից հետո հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին, չխոսեց նաև հիվանդանոցի գործադիր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանը:

Բժշկական կենտրոնի փաստաբան Կարեն Սարդարյանը, սակայն, հաստատեց, որ բժշկուհի Բախշյանը վերադարձել է աշխատանքի․ - «Նրա աշխատանքային պայմանագիրը դադարեցված չի, և նա իր աշխատանքային պարտականությունները շարունակում է իրականացնել ամբողջ ծավալով: Գոյություն ունի անմեղության կանխավարկած: Շուշանիկ Բախշյանը այսօրվա դրությամբ գործով վկա է: Մենք այսօր չունենք այդ հարցի պատասխանը՝ նա մեղավո՞ր է, թե՞ ոչ: Ասենք, այդ կնոջ բարեկամը ասում ա՝ սենց ա էղել, չէ՞: Բայց իրականում տենց ա էղել, թե չէ՝ կարող է պարզվի միայն նախաքննության և դատաքննության արդյունքում: Վերցնենք զուտ բարեկամների խնդրանքով կամ պահանջով լուծումներ տանք, հետո մենք կարող է ունենանք իրավական պրոբլեմներ թե՛ օրենքի, թե՛ դատարանի առջև»:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի մահվանից մեկ օր հետո մահացել էր նաև նրա առաջնեկը: Այս փաստով, սակայն, քրեական գործ դեռ չի հարուցվել: Փոքրիկի մահվան պատճառները պարզելու համար փորձաքննություն է նշանակվել:

Դեպքից 20 օր է անցել, այս ընթացքում Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է բժշկական կենտրոնի փոխտնօրենների հետ: Լրատվամիջոցներով նախարարին դիմող ծննդկանի հարազատները պահանջում են, որ ժամանակավորապես դադարեցվի բժիշկ Բախշյանի գործունեությունը: Նախարարը, սակայն, «Ազատության» հետ զրույցներից մեկում նշել էր, որ շատ հղիներ վստահում և սպասում են բժշկին․ - «Բժշկի գործունեությունը կասեցնել կարող է քննչական մարմինը, և եթե նման կասեցում չի եղել, նա շարունակում է: Ինչ վերաբերվում է, թե քանի հիվանդ այսօր հույսով սպասում է այդ բժշկին, կարծում եմ, որ դա շատ անձնավորված խնդիր է և եթե վստահություն ներշնչում է կոնկրետ բժիշկը, այդ հիվանդները, այդ հղիները կարող են նրանից ակնկալել համապատասխան բուժօգնություն»:

XS
SM
MD
LG