Մատչելիության հղումներ

Գյուղվարկերի տակ կքած սյունեցիները հուսահատության եզրին են


Դավիթ Բեկ գյուղի բնակիչ Գառնիկ Եսայանի սնանկացած ընտանիքը շուտով կզկվի վերջին ունեցվածքից՝ տնից և բեռնատարից, օգոստոս, 2015թ․
Դավիթ Բեկ գյուղի բնակիչ Գառնիկ Եսայանի սնանկացած ընտանիքը շուտով կզկվի վերջին ունեցվածքից՝ տնից և բեռնատարից, օգոստոս, 2015թ․

Բանկերն աճուրդի են հանում սնանկացած գյուղացիների վերջին ունեցվածքը, այդ թվում՝ մեքենաներն ու առանձնատները

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի բնակիչ Գառնիկ Եսայանի ընտանիքը չորս տարի առաջ գյուղատնտեսական վարկ է վերցրել, ցանքս արել ու եկամուտ չստանալով՝ սնանկացել։ Կինը՝ Շողիկ Եսայանն ասում է, թե դրանից հետո իրենց 4 հա տարածքով հողն անմշակ է մնացել, իրենք էլ ապրուստի միջոց չունեն։

«Գյուղում ցորեն ենք ցանել, 4 հեկտարից 12 մեշոկ զիբիլ ենք վերցրել։ Ամուսինս կոմբայնավար ա, ջղայնացել ա, բարկացել ա, ասելա՝ ես թքած ունեմ, էլ չեմ ցանի։ Մինչև հիմա էլ էս 4-5 տարվա մեջ ես չեմ կարում, որ իմ հողերը ցանեմ, մշակեմ»,-ասում է Շողիկ Եսայանը։

Հետո մեկ այլ բանկից 18 տոկոսով նոր վարկ են վերցրել, հուսալով, թե վիճակը կարող են փրկել, բայց այդպիսով միայն կրկնապատկել են պարտքն ու հոգսերն ավելացրել։

«Երկու միլիոն վերցրել եմ, տենց տակ տվել, գնացել։ Մի անգամ էլ ասինք՝ վերցնենք, գոնե անասուն բան պահենք, անասունը հիվանդացավ, դրանք էլ են կոտորվել, մնացել եմ մատս բերանումս»,- ասում է Գառնիկ Եսայանը։

Բանկն արդեն աճուրդի է հանել Եսայաններին պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատարն ու տունը։ Բանկից հաճախ են զանգահարում և զգուշացնում, որ աճուրդի հանված երկհարկանի տան գինը աստիճանաբար նվազում է։ Այն արդեն ավելի քան 10 անգամ իջել ու 500 հազար դրամի է հասել։ Վերջին սեփականությունը կորցնող գյուղացին ասում է՝ գնորդ չկա, իրենք էլ ի վիճակի չեն փրկել ունեցածը։

«Էդ ով որ զանգում ա, ասել եմ՝ պայմանները սենց ա։ Երեխաս մահացել ա։ Չեմ կարողանում իրանց ընտանիքը պահեմ, 3 հատ երեխա ունի, մեկը՝ հաշմանդամ։ Ես ո՞նց անեմ։ Թե՝ լավ։ Էլ դրանից հետո չի զանգել»։

Արդեն 2 տարի կալանքի տակ է նաև 65-ամյա վարկառուի կենսաթոշակը, 43 հազար թոշակից 13 հազարը բռնագանձում են։

Շողիկ Եսայան․ «առաջ 11 հազար էին պահում, հետո որ թոշակը բարձրացավ, դարձել ա 13 հազար։ Կլորիկ էդ գումարը պահում են։ 43 հազարից 30 հազար ա ստանում ինքը»։

Հարցին՝ հերիքու՞մ է այդ գումարը, Եսայանը պատասխանում է․ «Դե ի՞նչ արած։ Մեզանով յոլա ենք գնում։ Պետական գումարից հո չե՞նք կարա փախչենք։ Մինչև կյանքի վերջ կմուծի էդ գումարը։ Թող իրա թոշակից փակվի»։

Գումար վաստակելու և բանկի հետ հաշիվները փակելու հույսով որդիներից մեկը մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։

Գառնիկ Եսայան․ «Երկու տղաս վարձով են մնում Ղափան։ Էդ երկուսից մեկը գնացել ա Մոսկվա, որ աշխատի, տենանք ինչ ենք անում։ Նոր ա գնացել, մի 20 օր ա։ Երեք հատ աղջիկ ունի. մեկն ուսանող ա։ Սկի չի էլ կարում, որ վարձը տա։ Համալսարանում ա»։

Անելանելի իրավիճակում հայտնված գյուղացին ելք չի տեսնում։ Ցույց է տալիս տասնամյակներ առաջ կնոջ հետ իրենց ձեռքերով կառուցած տունն ու ասում, որ հաշտվել է անգամ դա կորցնելու մտքի հետ, միայն թե պարտքերից ազատվի։

«Էս ա ունեցվածքս, թող գան վերցնեն՝ ինչ ուզում են անեն»,-հուսահատորեն ասում է Գառնիկ Եսայանը։

Եսայանների հարևանը՝ 80-ամյա Լուսիկ Գևորգյանը մանկավարժ է։ Կողքից դիտում է, թե ինչ է կատարվում շուրջն ու ափսոսանքով նշում՝ երբեմնի գյուղատնտեսական վերելք ապրող գյուղի հողերն այսօր հիմնականում անմշակ են, գյուղացիները՝ վարկերի մեջ խրված։ Մի բանկից վերցնում մյուսի պարտքն են փակում։

«Փաստորեն մեր գյուղի մեծ մասն էդ գյուղատնտեսական վարկերն ունի։ Չեմ կարող ասել՝ ինչքան, բայց համարյա թե բոլորն էլ ունեն։ Հաշված տներ կարող ա լինեն, որ չունենան»,- ասում է Լուսիկ Գևորգյանը։

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում էլ բողոքի հիմնական թեման բարձր տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկերն են։ Գյուղի ուսուցչուհի Մարիա Բաղդիշյանը, ում ընտանիքն էլ պարտքի տոկոսների տակ է, համեմատություն է անում այլ երկրների հետ ու եզրակացնում․

«Ընդհանրապես ինձ թվում է գուցե ոչ մի երկրում էսքան բարձր տոկոսներ չկան բանկերի»։

Հայաստանի կառավարությունն այս տարի ավելի քան մեկ մլրդ դրամ է նախատեսել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման համար, ինչն ըստ պաշտոնական տվյալների, 34%-ով ավելի է 2014 թվականի համեմատ։ Դրա հաշվին բանկերը իրենց 18-20 տոկոսանոց վարկերի տոկոսադրույքները նվազեցնում են ընդամենը 4-6 տոկոսով։ Սակայն, արդյունքում չի նվազում բանկեր-գյուղացի դատական քաշքշուկներից ու վարկերից տուժած գյուղացիների թիվը։

Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի բնակիչ Մարինեն ասում է, թե այսօրվա դրությամբ մի քանի բանկի տոկոսներ են վճարում՝ տարեկան մինչև 20 տոկոսի հասնող տոկոսադրույքով։

«Միլիոնուկես մի բանկում ունենք, երկու միլիոն՝ մի բանկում։ Անընդհատ վարկերի մեջ ենք էլի, անընդհատ։ Անասունը ծնավ, էդ հորթը, ցուլիկը պտի պահենք, էն էլ եսիմ ինչքան պտի պահեմ, էդ ցուլիկը նորմալ աճ տա, որ ես վաճառեմ, տանեմ բանկին փող տամ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG