Վերջին 54 տարվա ընթացքում առաջին անգամ ամերիկյան դրոշը ծածանվել է Կուբայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա:
Վաշինգտոնի և Հավանայի միջև դիվանագիտական կապերի վերականգնմանը նվիրված միջոցառումը նշանավորվեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի ներկայությամբ:
Քերրին առաջին ԱՄՆ-ի պետքարտուղարն է, ով Կուբա է ժամանել 1961 թվականից հետո:
Իր ելույթում ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը իրադարձությունը պատմական բնորոշեց, սակայն ընդգծեց, որ ԱՄՆ-ը չի դադարի Կուբային կոչ անել քաղաքական փոփոխությունների գնալ:
«Մենք առաջվա պես համոզված ենք, որ Կուբայի ժողովրդի շահերից է բխում իրական ժողովրդավարությունը, որը թույլ կտա նրանց ազատորեն ընտրել իրենց առաջնորդներին և արտահայտել իրենց գաղափարները»,- հայտարարեց պետքարտուղարը:
Կուբան կրկին բացել է Վաշինգտոնում իր դեսպանատունը, չնայած երկու երկրների միջև դեռևս առկա խնդիրներին:
Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոն քննադատում է ԱՄՆ-ին՝ Կուբայի նկատմամբ առևտրային էմբարգոյի պահպանման համար: Հավանայում նշում են, որ Վաշինգտոնի հետ լիարժեք հարաբերությունները կարող են վերականգնվել միայն այն դեպքում, երբ չեղյալ հայտարարվեն բոլոր արգելքները:
Վաշինգտոնը Հավանայի հետ կապերը խզել է 1959 թվականին՝ Կուբայի հեղափոխությունից հետո։