Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են օգոստոսի 4-ին Ագարակում հնչած կրակոցների մի շարք հանգամանքներ, հստակեցվում է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։
Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ քննության շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է երեք անձ. օգոստոսի 12-ին Սյունիքի մարզային քննչական վարչություն են ներկայացել Սյունիքի մարզի բնակիչներ՝ 31-ամյա Հ. Հովհաննիսյանը և 28-ամյա Ռ. Աթանեսյանը, վերջինս ներկայացրել է նաև «Վինչեստր ֆաբարմ» մոդելի 12 մմ տրամաչափի մեկ փողանի որսորդական հրացանը։
Օգոստոսի 11-ին Սյունիքի մարզային քննչական վարչություն էր ներկայացել նաև միջադեպի մասնակից Բ. Ավետիսյանը:
Նշված երեք անձինք ձերբակալվել են՝ Ս. Հովհաննիսյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով։
«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:
Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախնական քննության տվյալներով՝ օգոստոսի 4-ին ժամը 19-ի սահմաններում Ագարակի 53-ամյա բնակիչ Ս. Հովհաննիսյանի հետ լարված փոխհարաբերությունների մեջ գտնվող 28-ամյա Ռ. Աթանեսյանը, 30-ամյա Բ. Ավետիսյանը ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանել են նրա հետ: Այնուհետև «նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, մի խումբ անձինք Ռ. Աթանեսյանին պատկանող «Պորշե Կայեն S 4.5» մակնիշի, Բ. Ավետիսյանին պատկանող «Մերսեդես Բենց E320» մակնիշի և Լ. Ալավերդյանին պատկանող «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենաներով դարանակալել են Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 22-րդ շենքի բակում, ապա «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող անձը վարելով հարվածել է Ս. Հովհաննիսյանի վարած «Նիսան Իքստրեյլ» մակնիշի ավտոմեքենայի ձախ հատվածին։ Այնուհետև կրակոցներ են արձակվել Ս. Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն վերջինիս հաջողվել է դիմել փախուստի»:
Դեպքի առթիվ օգոստոսի 5-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 10-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով մարդուն դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու փորձ»: