Այսօր Գյումրիում ռուսական կայազորային դատարանը սկսում է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշում է կայացրել Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի 5-րդ կայազորի դատարանը:
Ավելի վաղ Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի մամուլի խոսնակն ասել է, որ դատը կլինի բաց:
Վալերի Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի բոլոր անդամների սպանության մեջ: Նախաքննության տվյալներով, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողը այս տարվա հունվարի 12-ին ինքնակամ, զենքով լքել է պահակակետը և սպանել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, վիրավորել մանկահասակ երեխային, ով ավելի ուշ մահացավ հիվանդանոցում: Թուրքիայի սահմանը հատելու փորձ կատարելիս ռուս սահմանապահների կողմից ձերբակալված Պերմյակովը խոստովանել է իր մեղքը:
Ավետիսյանների սպանության գործը, հիշեցնենք, ռուսական կողմը վերջերս փոխանցեց հայկական կողմին, իսկ ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատելու է զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու մեղադրանքներով:
Տե՛ս նաև այստեղ