Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում Ջուլիաննա Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։
Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ «2015 թվականի օգոստոսի 7-ին քաղաքացի Աղասի Սարգսյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 12:40-ի սահմաններում, եղբոր դուստրը` Ջուլիաննա Արթուրի Սարգսյանը, Երևան քաղաքի Արմենակյան 153 հասցեում գործող «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում, բժիշկների անփութության հետևանքով, մահացել է»:
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ՝ բուժվող հիվանդի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում: