Իրանական Mehr լրատվական գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի իշխանությունները մտադիր են ապասառեցնել Իրանի քաղաքացիների կողմից ադրբեջանական բանկերում պահ տրված ֆինանսական միջոցների մի մասը:
Այս տեղեկությունը Mehr-ին փոխանցել է համագործակցության և առևտրի իրանա-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մեհդի Մոհտաշեմին, հավելելով, թե Ադրբեջանի կենտրոնական բանկը համաձայնել է ապասառեցնել իրանցիներին պատկանող միջոցներից շուրջ 120 միլիոն դոլարը:
«Արգելափակված իրանական միջոցների ընդհանուր ծավալն ադրբեջանական բանկերում կազմում է շուրջ կես միլիարդ դոլար»,- հիշեցրել է Մոհտաշեմին:
Իրանական աղբյուրները հաղորդում են, որ պաշտոնական Թեհրանը պատրաստ է առաջիկայում սկսել Նախիջևանի ինքնավար հանրապետությանը գազի մատակարարումը: Այս բոլոր պայմանավորվածություններին կողմերը հանգել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի այս շաբաթ Թեհրան կատարած այցի ընթացքում: