Վաշինգտոնը հետաքննում է տեղեկությունները, որոնց համաձայն, Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գործող «Քուդսի» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին հուլիսի վերջին այցելել է Մոսկվա:
Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ, իրանցի գեներալը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Մոսկվայում քննարկել է Իրանին S-300 տիպի հակաօդային հրթիռային համակարգերի մատակարարման հարցը:
Fox News-ի տեղեկություններով, Սոլեյմանին հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Reuters գործակալության հաղորդմամբ, «Կրեմլը կտրականապես հերքում է նման բանակցությունների փաստը, թեև ամերիկյան հետախուզությունը պնդում է, որ դրանք իրականում կայացել են»:
«Սոլեյմանիի այցը Մոսկվա Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների խախտում է», - հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը: Վերջինիս խոսքով, Սոլեյմանին կարող էր Մոսկվա այցելել այն դեպքում, եթե ՄԱԿ-ի պատժամիջոցների մոնիթորինգի հանձնաժողովը նրա համար հատուկ բացառություն սահմաներ: «Մեր տեղեկություններով նման բացառություն գոյություն չունի»,- ասել է ամերիկացի դիվանագետը: