Ֆրանսիայի ոստիկանությունը այս գիշեր ևս կանխել է Եվրաթունել հարյուրավոր միգրանտների ներթափանցման փորձերը:
Ֆրանսիական Կալե քաղաքում հազարավոր միգրանտներ օրեր շարունակ փորձում են լաստանավերով կամ Լա Մանշի նեղուցով անցնող Եվրաթունելով ապօրինի մուտք գործել Մեծ Բրիտանիա:
Անցած երկու օրերին միգրանտների ջանքերը առավելապես կենտրոնացած էին Եվրաթունելի ուղղությամբ: Նրանք փորձում էին անվտանգության պատնեշները հաղթահարելով թաքնվել Եվրաթունելով երթևեկող գնացքներում: Անցած օրերին մի քանի անգամ կանխվել են հարյուրավոր միգրանտների գիշերային ներթափանցման փորձերը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդն այսօր հայտարարել է, որ Եվրաթունելի անվտանգության աշխատակիցների թիվն ավելացվել է շուրջ 100-ով, ինչն արդեն որոշակի արդյունք է տվել:
«Կարծում եմ՝ մեզ հաջողվել է վերահսկողության տակ առնել իրավիճակը: Ապօրինի ներգաղթյալների թիվը կրճատվել է», - BBC-ի փոխանցմամբ, ասել է Համոնդը:
Որոշ գնահատականներով, Կալեի տարածքում այս պահին ավելի քան 3 հազար ապօրինի միգրանտներ կան, ովքեր շարունակաբար փորձում են հասնել Մեծ Բրիտանիա՝ հատելով Լա Մանշը:
Հունիսից մինչ օրս Եվրաթունելը հատելու փորձ կատարելիս 9 մարդ է զոհվել: