2009 թվականի տնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը առաջին անգամ անկում է գրանցել:
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած՝ երկրի արտաքին առևտրի վերաբերյալ տվյալների համաձայն, որոնք ներառում են նաև Եվրասիական տնտեսական միության պետությունների հետ Հայաստանի առևտուրը, այս տարվա առաջին կիսամյակում արտաքին առևտուրը կրճատվել է 20.6 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել է 2 միլիարդ 186 միլիոն դոլար:
ԱՎԾ-ի տվյալներով՝ երկրի արտաքին առևտուրը վերջին անգամ կրճատվել էր ճգնաժամային 2009-ին․ այն ժամանակ անկումը առաջին կիսամյակում կազմել էր 31.5 տոկոս՝ 2008-ի առաջին կիսամյակի համեմատ:
Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ 2009-ի ճգնաժամից ի վեր առաջին անգամ կրճատվել է նաև ներքին առևտուրը․ այս տարվա հունվար-հունիսին անկումը կազմել է 5.1 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: