Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ Զինվորական մտավորականությունը ազգի և պետության ողնաշարն է


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Այդ մասին Հայաստանի նախագահը և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարել է երեկ պաշտպանության նախարարության վարչական համալիրում Հայաստանի ՊՆ-ի և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների երդման, սպայական կոչումների և սպայական դաշույնների շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ:

«Մեր ողջ ժողովրդի հետ միասին ես, անշուշտ, հպարտանում են ձեզնով: Մի երկրում, որի սահմաններին պարբերաբար կրակում են, դուք ընտրել եք ռազմիկի և սպայի մասնագիտությունը, դուք ձեր կյանքը կապել եք հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, ահա ինչու մենք հավատում ու վտահում ենք ձեզ», - ասել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Դուք համալրում եք ոչ միայն հայ սպաների, այլև հայ մտավորականության շարքերը, ավելորդ չեմ համարում կրկնել այն, ինչ ասել եմ տարբեր առիթներով: Զինվորական մտավորականությունը ազգի և պետության ողնաշարն է»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ ռազմաուսումնական հաստատությունների պրոֆեսորադասախոսական կազմի տքնաջան աշխատանքի արդյունքները գոհացուցիչ են լինելու, քանի որ տարիներ շարունակ հենց այդ նույն կրթօջախների շրջանավարտ սպաներն են նաև ապահովում են երկրի խաղաղությունը: «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտը և Բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը հիմնադրվելուն պես դարձան բարձրագույն զինվորական կրթության այն օջախները, որոնք պրոֆեսորադասախոսական ու սպայական կազմի մասնագիտական պատրաստվածության ու նվիրվածության շնորհիվ կարողացան համաքայլ ընթանալ ժամանակի պահանջներին և պատրաստել սպաներ, ովքեր դառնում են քսանմեկերորդ դարի հայ զինվորի մարտական ուսուցման կազմակերպողն ու նրա հրամանատարը», - ասել է նախարարը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Օհանյանը շնորհավորել է նաև բարձրագույն հրամանատարաշտաբային դասընթացներն ավարտած և ակադեմիական կրթություն ստացած սպաներին, վստահություն է հայտնել, որ նրանք հայոց բանակի սպայակազմի լավագույն մասն են կազմելու:

Արարողությունն ավարտվել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հանդիսավոր քայլերթով և Պատվո պահակախմբի ցուցադրական շարանցումով:

Նույն օրը ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի ու Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG