Հուլիսի 21-22-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային շրջայցով եղել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված զորամասերում:
Երկօրյա շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագոտու պահպանությունն իրականացնող զորամասերում, ստուգել է սպառազինության և զինտեխնիկայի վիճակն ու պահպանման պայմանները, ինչպես նաև նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների և հանձնարարականների կատարման ընթացքը, հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Սեյրան Օհանյանը եղել է նաև մարտական հենակետերում, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների բարելավման և կահավորման աշխատանքներին, ծանոթացել սահմանի տվյալ հատվածներում տիրող օպերատիվ իրավիճակին: Մարտական հենակետերում Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանն ու զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:
«Աշխատանքային այցի շրջանակում բանակային զորամիավորումների ղեկավար կազմի հետ ճշգրտվել են առաջիկա անելիքներն ու ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր, առաջադրվել են խնդիրներ, տրվել են ցուցումներ և հանձնարարականներ՝ ընթացող աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում: