Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելառուսի դեսպան Ստեպան Սուխարենկոյին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սուխարենկոյին՝ պաշտոնավարման ժամանակահատվածում միջպետական հարաբերությունների և երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում դեսպանության աշխատանքի ու նաև նրա անձնական ներդրման համար, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բելառուսի հաջորդ դեսպանը նույնպիսի ակտիվությամբ կշարունակի աշխատել և ջանքեր ներդնել հատկապես տնտեսական ոլորտում երկու երկրների համագործակցության մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Հայաստանի և Բելառուսի համար գործակցության նոր և ավելի լայն հնարավորություններ կան:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին և պետական բոլոր մարմիններին՝ իր գործունեության ընթացքում արդյունավետ համագործակցության, դեսպանության աշխատանքին մշտական աջակցության և փոխըմբռնման համար: