Մատչելիության հղումներ

ՔԿՀ-ներում մեկնարկել է էներգախնայողության ծրագիրը


Քրեակատարողական ծառայությունում մեկնարկել է Արդարադատության նախարարության 10 քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագրի իրականացումը:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ծրագիրը հնարավորություն կտա կիսով չափ կրճատել քրեակատարողական հիմնարկների կողմից սպառվող էներգիայի քանակը: Դրա շրջանակում նախատեսվում է իրականացնել քրեակատարողական հիմնարկների պատուհանների և դռների փոխարինում, կենցաղային տաք ջրի ապահովում արևային ջրատաքացուցիչների միջոցով, պատերի և ծածկի ջերմամեկուսացում, գազատարների կառուցում, կաթսայատների կառուցում և վերազինում, ներքին և արտաքին ջերմային ցանցերի կառուցում, արտաքին լուսատուների փոխարինում էներգաարդյունավետ լուսատուներով։

Նախարարության հավաստմամբ՝ արդյունքում ոչ միայն կնվազեն Քրեակատարողական ծառայության էներգետիկ ծախսերը, այլև կապահովվեն դատապարտյալների համար կեցության, իսկ աշխատակիցների համար՝ աշխատանքային բարենպաստ պայմաններ, կբարելավվեն ազատազրկված անձանց, այդ թվում՝ կանանց, անչափահասների կենսապայմանները, հիվանդանոցային պայմանները, կբարձրանա ջերմային և հիգիենիկ հարմարավետության մակարդակը՝ դրանով իսկ կրճատելով բազմաթիվ հիվանդությունների տարածման ռիսկը։

Արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև 2014-ի նոյեմբերին ստորագրված համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակում նախատեսվում է կատարել մեծածավալ ներդրումներ Հիմնադրամի կողմից կառավարվող պետական շրջանառու միջոցների հաշվին: «Ներդրումների արդյունքում ակնկալվում է տարեկան մոտ 7 հազար կիլովատ/ժամ (50 տոկոս) էներգիայի խնայողություն, մոտ 300 միլիոն դրամ դրամական արտահայտությամբ։ Բացի տեղային պայմանների բարելավումից՝ ծրագիրը կնպաստի նաև բնապահպանական դրական արդյունքներին, գլոբալ առումով՝ տարեկան 1600 տոննա ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատման միջոցով նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG