Երեկ Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը Շախմատի միջազգային օրվա կապակցությամբ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովի հետ։
ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Կիրսան Իլյումժինովն ու Սերժ Սարգսյանը քննարկել են սեպտեմբերին Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի մրցաշարին հայաստանցի շախմատիստների մասնակցության հարցը։
ՖԻԴԵ-ի նախագահը հորդորել է Սերժ Սարգսյանին աջակցություն ցուցաբերել այդ խոշոր միջոցառմանը հայաստանցի շախմատիստների մասնակցության հարցում։
Սարգսյանը, իր հերթին, փոխանցել է, որ արդեն հանդիպել է շախմատիստներ Լևոն Արոնյանի, Հրանտ Մելքումյանի, Գաբրիել Սարգսյանի, Սամվել Տեր-Սահակյանի հետ և նրանց խորհուրդ է տվել մասնակցել մրցաշարին։
Իսկ Ադրբեջանի սպորտի և երիտասարդութայան հարցերի նախարար Ազադ Ռահիմովը Կիրսան Իլյումժինովին վստահեցրել է, որ անվտանգության միջոցառումները կիրականացվեն բարձր մակարդակով, այդ թվում՝ կապահովվի մրցաշարի մասնակիցների անվտանգությունը։