Մատչելիության հղումներ

Ռուս զինծառայողն ընդունել է՝ Գյումրիի ավտովթարի մեղավորն ինքն է


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած շղթայական ավտովթարի պատճառները:

«2015 թվականի հուլիսի 19-ին` ժամը 23:10-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրն ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալեքսանդր Կալենտևը՝ «գլխի ճակատային շրջանի, ձախ ծնկան շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ», - փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ շարունակելով․ - «Դեպքի առթիվ 10-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ Ա. Կալենտևը, 2015թ․ հուլիսի 19-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցով վարելով «Մերսեդես C» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել Գյումրիի բնակիչ Խ. Գևորգյանի վարած «ԳԱԶ 3110-101» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողմին, ապա կանգ չառնելով՝ շարունակել է ընթացքը դեպի Շիրակացի փողոցի 3-րդ շենքի դիմաց և բախվել մայթի մոտ կայանված քաղաքացի Լ. Գրիգորյանի «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ, իր հերթին առաջ ընթանալով, բախվել է իր առջև կայանված մեկ այլ ավտոմեքենայի»:

«Ալեքսանդր Կալենտևը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Ստուգվել է նշված ավտոմեքենաների վարորդների սթափության աստիճանը. ըստ համապատասխան ակտերի՝ Ա. Կալենտևի շնչառության մեջ ալկոհոլի առկայությունը եղել է 0,85մ/լ, որը համապատասխանում է միջին աստիճանի հարբածությանը: Մյուս վարորդները եղել են սթափ», - ասված է հաղորդագրությունում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տված բացատրությամբ Կալենտևը հայտնել է, որ վթարի մեղավորն ինքն է, քանի որ մեքենան վարել է ոչ սթափ՝ օգտագործել էր գարեջուր, և պատրաստ է վերականգնել վթարից տուժած անձանց բոլոր վնասները:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG