Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Մաթիաս Քիեսլերն այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը շնորհավորել է դեսպանին և մաղթել հաջողություն առաքելության ընթացքում՝ հույս հայտնելով, որ նա կնպաստի հայ - գերմանական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:
Նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի հայ - գերմանական բազմաոլորտ համագործակցության առավել սերտացման համար։
Զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակով փոխայցելությունները, շուրջ 60 երկկողմ փաստաթղթեր ներառող իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը։ Անդրադարձ է կատարվել երկու երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվություններին, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցությանը: Կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումը:
Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանին անկախացումից ի վեր Գերմանիայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
Ներկայացնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում իրականացվող միջոցառումները՝ նախարարը բարձր է գնահատել ապրիլի 23-ին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:
Քննարկվել են Հայաստան - Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել հաջորդ տարի Գերմանիայի կողմից ԵԱՀԿ-ի նախագահության ստանձնմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ, անդրադարձ կատարելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, դրա խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։