Մատչելիության հղումներ

ՄԳՄԻ ներկայացուցիչ. «Ակնհայտ է, որ ոստիկանությունը Երևանում անհամաչափ ուժ է կիրառել»


Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների (ՄԳՄԻ) կազմակերպությունը զեկույց է հրապարակել, որը փաստագրում է Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի աճի դեմ բողոքի խաղաղ ցույցի նկատմամբ հունիսի 23-ին ուժի կիրառումը:

Զեկույցը հիմքում ընկած փաստերը ձեռք են բերվել ՄԳՄԻ-ի փաստահավաք խմբի աշխատանքների արդյունքում: Առաքելությունը Երևանում է եղել հունիսի 24-29-ը։

«#ElectricYerevan. Ուժի կիրառումը խաղաղ ցույցի դեմ» վերնագրված զեկույցը հանգամանալից հետազոտում է ոստիկանության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի աճի դեմ խաղաղ հավաքի հարկադիր ցրումը՝ ջրանետի միջոցով, ինչպես նաև՝ ցուցարարներին զանգվածաբար ձերբակալելով: Այն շեշտադրում է ցուցարարների և լրագրողների նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունները՝ և՛ համազգեստավոր, և՛ քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից: Զեկույցը ներառում է նաև իրադարձությունների իրավական գնահատական՝ ազգային և միջազգային իրավական նորմերի համապատկերում, և Հայաստանի իշխանություններին ուղղված ռեկոմենդացիաներ՝ արձանագրված մարդու իրավունքների խախտումների դեպքերով ապահովել հաշվետվողականություն»,- ասված է կազմակերպության հաղորդագրությունում։

Առաքելության զեկույցը ներկայացվել և քննարկվել է «#ElectricYerevan. Հայաստանում հավաքների ազատության և քաղաքացիական մշակույթի դասերը» վերտառությամբ միջոցառմանը, որը կազմակերպվել էր Բրյուսելում՝ ՄԳՄԻ-ի և Բաց հասարակության եվրոպական քաղաքականության ինստիտուտի կողմից։

ՄԳՄԻ ներկայացուցիչ Սիմոն Պապուաշվիլին, ով համակարգել է Երևանում փաստահավաք առաքելության աշխատանքները, ասել է.- «Ակնհայտ է, որ ոստիկանությունը Երևանում անհամաչափ ուժ է կիրառել՝ այդպիսի կոշտ միջոցներ կիրառելու համար պատճառ չունենալով, քանի որ հավաքը միանգամայն խաղաղ էր»:

Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկեն խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունների պատասխանատուներին և ապահովեն, որ նրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցները համաչափ լինեն գործած բռնությունների խստությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG