«Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնությունը այսօր բողոքի երթ անցկացրեց. Բաղրամյան պողոտայից՝ Հայաստանի գրողների միության շենքի հարակից տարածքից ցույցի մասնակիցները շարժվեցին Մելիք Ադամյան փողոց՝ իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակ՝ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցելու իրենց նամակը:
Նախաձեռնությունը նամակում մասնավորապես նշում է, որ շարունակելու է քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չեղյալ հայտարարի էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու իր հունիսի 17-ի որոշումը։
«Եթե մինչև օգոստոսի 1-ը ՀԾԿՀ-ն չընդունի այդ որոշումը, մենք կշարունակենք քաղաքացիական անհնազանդությունը այնքան ժամանակ, մինչև պետությունը չհարուցի քրեական գործեր էներգետիկ ոլորտը փլուզման եզրին հասցրած բոլոր պաշտոնյաների դեմ», - հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը։
Տե՛ս նաև այստեղ