Պետական այցով Ֆրանսիայում գտնվող Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ուշադրությամբ հետևում է Մեքսիկայի և աշխարհի ամենաորոնվող հանցագործներից մեկի՝ նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուզմանին վերաբերող տեղեկություններին:
Շաբաթ օրը Գուզմանին հաջողվել էր փախուստի դիմել երկրի առավել խիստ հսկվող բանտերից մեկի իր խցից, որի լոգարանին հարող հատվածից ավելի քան 1500 մետր երկարությամբ թունել է փորված եղել:
«Ես խորապես մտահոգված եմ այդ խիստ տխրեցնող փաստով, ինչը ցնցել և վիրավորել է Մեքսիկայի հանրությանը», - ըստ CNN-ի, ասել է նախագահ Նիետոն, խոստանալով ներդնել բոլոր ջանքերը՝ բանտից փախած նարկոբարոնին գտնելու և երկրի բանտերում հսկողությունն ավելի ուժեղացնելու համար:
Սա աշխարհի հզորագույն նարկոբարոնը համարվող Գուզմանի երկրորդ փախուստն է բանտից: Առաջին անգամ նա փախուստի էր դիմել 2001 թվականին և ազատության մեջ մնացել մինչև 2014 թվականը: