Մատչելիության հղումներ

Սարգսյանը պարգևատրել է Վենետիկի Բիենալեում հաղթած Հայաստանի տաղավարի համադրողին


Սերժ Սարգսյանը ողջունում է կոնֆերանսի մասնակիցներին, այդ թվում՝ Ադելինա Կյուբերյան Ֆոն Ֆյուրշթենբերգին
Սերժ Սարգսյանը ողջունում է կոնֆերանսի մասնակիցներին, այդ թվում՝ Ադելինա Կյուբերյան Ֆոն Ֆյուրշթենբերգին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ երկրների մշակութային համագործակցության խորհրդի նիստի և ՅՈւՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված՝ «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար». մշակույթի դերը «ԵՏ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի պատվիրակությունների ղեկավարներին:

«Ուրախալի է, որ ժամանակի ընթացքում մենք ակտիվացնում ենք մեր համագործակցությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ, իհարկե նաև կարևորում ենք մշակույթի ոլորտում ԱՊՀ շրջանակներում մեր փոխգործակցությունը»,- ասել է նախագահը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրների մշակույթի ոլորտի քաղաքականության պատասխանատուների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ոլորտի փորձագետների մասնակցությամբ լիագումար նիստի և կլոր սեղանների ձևաչափերով Երևանում անցկացվող քննարկումների ընթացքը՝ հավաստիացնելով, որ մշակութային ծրագիր թույլ կտա նրանց ավելի լավ ճանաչել Հայաստանն ու հայ ժողովրդին:

Նախագահի նստավայրում ցուցադրվել է նաև Վենետիկի ժամանակակից արվեստի Բիենալեում լավագույն ազգային տաղավար ճանաչված և «Ոսկե առյուծ» մրցանակի արժանացած Հայաստանի տաղավարի մասին պատմող ֆիլմը, ինչից հետո Սերժ Սարգսյանը տաղավարի համադրող Ադելինա Կյուբերյան Ֆոն Ֆյուրշթենբերգին (Շվեյցարիա) պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ հայ մշակույթը միջազգային հանրությանն ըստ արժանվույն ներկայացնելու, հայ - շվեյցարական բարեկամական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի համար:

Նշենք, որ միջազգային կոնֆերանսին ելույթ է ունեցել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Նալբանդյանը, մասնավորապես, դատապարտել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Պալմիրայում 2000-ամյա պատմություն ունեցող հուշարձանների ոչնչացումը, ինչպես նաև աջակցություն հայտնել Իրաքի և Սիրիայի ժողովուրդներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG