Լոնդոնում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ՝ Chatham House և հանդես եկել ելույթով:
Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սահակյանն անդրադարձել է Ղարաբաղի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին:
Բակո Սահակյանը նշել է, որ Ղարաբաղին հոգեհարազատ է Chatham House-ի կարգախոսը` «Օգնել՝ կառուցելու անվտանգ, բարեկեցիկ և արդար աշխարհ»։ «Այս գաղափարներն առկա են նաև մեր աշխարհընկալման մեջ», - ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:
Նրա խոսքով՝ նման հանդիպումներն օգտակար են թե՛ Ղարաբաղի, թե՛ տարբեր պետությունների, միջազգային կառույցների համար:
Հանդիպմանը ներկա են եղել օտարերկրյա դիվանագետներ, գիտնականներ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բակո Սահակյանը երեկ այցելել է նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարան և կրկին անդրադարձել Ղարաբաղի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և պատասխանել բարձրացված հարցերին:
Սահակյանն ընդգծել է, որ «Ղարաբաղում Միացյալ Թագավորության հանդեպ տածում են հատուկ վերաբերմունք՝ Մեծ Բրիտանիան դիտարկելով որպես միջազգային քաղաքականության ազդեցիկ տերություն, որը նաև հանդիսանում է ժողովրդավարության ու եվրոպական քաղաքակրթության բնօրրաններից մեկը»:
Նա ասել է, որ Ղարաբաղը շահագրգռված է խորհրդարանական կապերի խորացման, գիտակրթական և մարդասիրական ոլորտներում Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացմամբ:
Հանդիպմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայսատանի դեսպան Արմեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք՝ Ադրբեջանն օրերս Մեծ Բրիտանիային պաշտոնապես բողոք էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղի նախագահի Լոնդոն կատարելիք այցի կապակցությամբ՝ այն որակելով քայլ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ»։
Սահակյանն այսօր հանդիպել է նաև Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մեծ Բրիտանիայի կառույցի անդամների հետ: