Մատչելիության հղումներ

Երևանում բացվել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովը


Հայաստանի ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում այսօր մեկնարկել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող 12-րդ համաժողովը:

Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին նվիրված համաժողովին մասնակցում են Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆեյերստայնը, ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրից ավելի լավագույն մասնագետներ, հեղինակավոր գիտնականներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել ու ելույթով հանդես է եկել համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

Ողջունելով ներկայացուցչական համաժողովի մասնակիցներին՝ Սերժ Սարգսյանն ասել է․ - «Այնքան է խոսվել մարդկության դեմ ուղղված այս հանցագործության բաղադրիչների մասին, այնքան ջանք է ներդրվել այս հանցագործությունը բնորոշելու, կանխարգելելու, պատժելու և դատապարտելու ուղղությամբ, որ թվում էր, թե «այլևս երբեք» կարգախոսն իր լիարժեք իրագործմանը կհասնի»: «Ցավոք, մենք այսօր էլ ականատեսն ենք դառնում ցեղասպանական գործողությունների, այլատյացության քարոզչության, ֆաշիստական գաղափարախոսության առաջմղմանը․․․ Դա հուշում է մեզ, որ միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի, նոր բովանդակություն ստանա և օգտագործի բոլոր հնարավոր հարթակները», - հայտարարել է նա։

Նշելով, որ պատմության ընթացքում հաճախ «տարատեսակ շահերն անհեռատեսորեն վեր են դասվում ցեղասպանությունները կանխարգելելու հրամայականից՝ մարդկության տարեգրության մեջ ստեղծելով անպատիժ նախադեպեր ու դրանով իսկ խթանելով այդօրինակ վարքագծի հետագա դրսևորումները», Հայաստանի նախագահը շարունակել է․ - «Գաղտնիք չէ, որ կատարված հանցագործությունները քողարկելու, զոհին ոճրագործ և ոճրագործին զոհ ներկայացնելու փորձերից զերծ չի մնում նաև գիտությունը կամ միգուցե ավելի ճիշտ է ասել՝ «հակագիտությունը»: Հետևաբար, նաև այդ առումով եմ արժեվորում այս համաժողովի առաքելությունը և տարիներ ի վեր ձեր ներդրած ջանքերը՝ ուղղված գիտական մակարդակում պատմական արդարության վերականգնմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG