Մատչելիության հղումներ

Լրագրողների նկատմամբ բռնության գործով կասկածյալներ ցայսօր չկան


Լրագրողների նկատմամբ բռնության գործով կասկածյալներ ցայսօր չկան
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00

Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանի փոխանցմամբ, հուլիսի 3-ից ծառայությունում քննվող այդ գործով մեղադրյալներ կամ կասկածյալներ այս պահին չկան:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, ՀՔԾ-ն խրախուսում է ոստիկանական բռնությունները․ - «Ոչ միայն քրեական գործն է ուշ հարուցվում, այլև քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ կամ կասկածյալ չեն ներգրավված ոստիկանության աշխատակիցները: Դա միանշանակ ես որակում եմ որպես Հատուկ քննչական ծառայության, Գլխավոր դատախազի կողմից նաև ուղղակի հովանավորչություն քաղաքացիների նկատմամբ բռնություններ կատարած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ»:

Քրեական գործը, հիշեցնենք, հարուցվել է Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի լուսադեմին իրականացված ոստիկանական գործողության ընթացքում և դրանից հետո, պաշտոնեական դիրքն օգտագործելով, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ օգտագործելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առիթով:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցը ցրելու ընթացքում հարձակման էին ենթարկվել մեկ տասնյակից ավելի լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ: Ոստիկանական տարբեր բաժիններ էին տարվել 237 քաղաքացիներ, այդ թվում՝ նաև լրագրողներ: Մեծամասամբ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ու կարմիրբերետավորները կոտրել էին նրանց տեսախցիկները, լուսանկարչական սարքերը, առգրավել հիշողության քարտերը:

Պահպանված տեսանյութերում և լուսանկարներում, այդուհանդերձ, երևում են ցույցը ցրող և քաղաքացիներին ոստիկանական բաժիններ տեղափոխող ոստիկանների գործողությունները:

Լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերը տասը օր ուսումնասիրած ՀՔԾ-ն քրեական գործը հարուցեց օրենքով նախատեսված ժամկետի վերջին օրը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ՝ շարունակվում է նաև Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում 16 օր առաջ սկսված ծառայողական քննությունը:

Ահարոնյանի խոսքով՝ արդեն սկսել են փոխհատուցել հունիսի 23-ին ոստիկանների կոտրած, առգրաված գույքը: «Կան լրագրողներ, որոնց տեխնիկա է տրվել», - ասաց նա՝ հրաժարվելով, սակայն, անուններ տալ:

«Իլուր»-ի կայքի թղթակից Հակոբ Կարապետյանը հունիսի 26-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Երեկ կանչվել է Ներքին անվտանգության վարչություն: Վարչության պետի տեղակալ Հարությունյանը, լրագրողի խոսքով, ասել է, թե պատրաստ են փոխհատուցել վնասը՝ հիշողության քարտը, բայց պայմանով․ - «Պարզվեց, որ դրա դիմաց ես պետք է հրաժարվեմ իմ բողոքից: Բնականաբար, այդ պայմանը իմ համար ընդունելի չէ, և ես հենց այնտեղ իմ գրավոր բացատրությունում պնդեցի, որ իմ դիմումի իմաստը քրեական պատասխանատվության ենթարկելն է լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած ոստիկաններին»:

Կարապետյանն Ազատության հրապարակում նկարել էր, թե ինչպես է փոխոստիկանապետ, Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը կոտրում «Առաջին էյէմ»-ի տեսախցիկը: Պատմում է, որ արդեն մոտենում էր Հյուսիսային պողոտային, երբ մի խումբ ոստիկաններ հասել են հետևից և հետ տարել՝ ոստիկանապետի երկու տեղակալներ Լևոն Երանոսյանի և Հունան Պողոսյանի մոտ: Վերջինս, լրագրողի խոսքով, հրամայել է վերցնել լուսանկարչական սարքը: Հիշողության քարտը սարքում չի եղել, խուզարկել ու գրպանից գտել են այն: Պողոսյանը հայտարարել է՝ «կգաս, մաքուր չիպը կստանաս»:

Ոստիկանություն երեկվա այցից հետո Հակոբ Կարապետյանը մտավախություն ունի, որ գործն ուզում են կոծկել․ - «Ներքին անվտանգության վարչությունում ինձնից փորձում էին իմանալ նաև այլ ոստիկանների անուններ, որոնք, ըստ ինձ, հանցանք են գործել: Այն դեպքում, երբ ես դիմումի մեջ հստակ նշել էի՝ Հունան Պողոսյան և Լևոն Երանոսյան»:

Հունիսի 23-ի դեպքերին միջազգային հանրությունն արձագանքեց անմիջապես․ ժամեր անց արդեն լրագրողների և ցուցարարների նկատմամբ ուժի կիրառմամբ մտահոգ՝ կոչ արեցին հետաքննել ոստիկանների գործողությունները:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի ձևակերպմամբ՝ իշխանությունները, որպես կանոն, մատների արանքով են նայում այդ հայտարարություններին․ - «Իշխանությունները, ականջալուր չլինելով, վնասում են, ցավոք, մեր երկրի վարկանիշին: Այդ վարկանիշը արտացոլվում է միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներում, և դրանից հետո իշխանությունները ինչ-որ դժգոհություններ են հայտնում, թե՝ բա գիտեք, մեզանում, այնուամենայնիվ, խոսքի ազատություն կա, բայց միջազգային կազմակերպությունները որոշել են քաղաքական գնահատական տալ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG