Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը չի հերքում քաղաքացիական հագուստով անձանց մասնակցությունը հունիսի 23-ի գործողությանը


Ոստիկանությունը չի հերքում քաղաքացիական հագուստով անձանց մասնակցությունը հունիսի 23-ի գործողությանը
please wait

No media source currently available

0:00 0:06:01 0:00

Ոստիկանությունը չի հերքում՝ հունիսի 23-ի վաղ առավոտյան իրենց գործողություններին մասնակցել են նաև քաղաքացիական հագուստով անձինք։ Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ դա տարածված պրակտիկա է ամբողջ աշխարհում։

Ցուցարարները վկայաբերում են այդ օրը նկարահանված տեսանյութեր, որտեղ բազմաթիվ քաղաքացիական հագուստով անձինք՝ առանց որևէ տարբերանշանի, կանգնած էին Բաղրամյանի մայթերին, ապա սկսեցին ակտիվորեն մասնակցել նստացույցը ցրելու գործողություններին։ Օրենքի համաձայն՝ ոստիկանության ծառայողը պետք է լինի համազգեստով, պնդում է փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Օրենքով ամրագրված է, որ ոստիկանությունը հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս պարտավոր է կրել համազգեստ, որի վրա տեսանելի վայրում ամրակցված և փակցված կլինեն ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ»,- ասաց փաստաբանը։

Փոխոստիկանապետը մինչդեռ հավաստիացնում է՝ թևկապը արդեն վկայում է, որ ցուցարարներին ցրող ու բերման ենթարկող անձինք ոստիկաններ էին։ Փաստաբանը հակադարձում է՝ կա կառավարության որոշում, որը սահմանում է համազգեստը կրելու կարգը.- «Ես հնարավորություն ունեցել եմ ուսումնասիրելու կառավարության այդ որոշումը և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ վերջին օրերի ընթացքում Բաղրամյան պողոտայում անցկացվող միջոցառումների ընթացքում քաղաքացիական հագուստով ոստիկանության ներկայացուցիչ հանդես եկող անձանց թևերին առկա «Ոստիկանություն» տարբերանշանները ինքնագործունեության արդյունքում առաջացած հանգամանք են, ինչը ՀՀ նորմատիվ ակտերին հակասող քայլ է»։

Փաստաբանը տարակուսանք է հայտնում՝ եթե քաղաքացիական հագուստով ոստիկանները այսպես կոչված օպերլիազորներ էին՝ քրեական հետախույզներ, ինչո՞ւ էր նրանց հրահանգված ցույց ցրել ու տեսախցիկներ վնասել ու առգրավել, հայհոյել, ինչպես դեպքերից հետո պատմում են ակտիվիստներն ու լրագրողները։

«Քրեական հետախույզները ունեն հստակ առաքելություն՝ եթե այդ հավաքի մեջ կան պոտենցիալ հանցագործներ, ոստիկանությունը պարտավոր է հենց ինքը արագ արձագանքել և հայտնաբերի ցանկացած ենթադրյալ հանցագործի, ով քրեաիրավական հետևանքներ առաջացնող քայլ է կատարել։ Բայց եթե այդ անվան տակ քրեական հետախույզները ներգրավվում են հավաքի ցրման գործընթացին, դա, իմ համոզմամբ, նսեմացնում է իրենց առաքելությունը»,- ասաց Նորիկյանը։

Մոտ մեկ տասնյակ լրագրողների շարքում այդ օրը հարձակման է ենթարկվել նաև «Պանֆոտո» գործակալության ֆոտոլրագրող Կարո Սահակյանը։ Պատմում է՝ Բաղրամյանն արդեն բաց էր, ցույցը՝ ցրված, ինքն էլ Ազատության հրապարակից պատրաստվում էր հեռանալ, երբ մոտեցան միանգամից մի քանի տղամարդիկ։

«Արդեն ուզում եմ թողնեմ-գնամ, մի հոգի եկավ, ձեռքը գցեք ապարատիս, պահեցի, դիմացից քաղաքացիական հագուստով երկու հոգի մոտեցան, նկատեցի, որ ոստիկանության թևկապ ունեն, ապարատս բռնեցի, գլուխս պահեցի, նստեցի գետնին, սկսեցին խփել՝ քացով, ապարատս քաշքշեցին, եթե ձեռքս պահած չլինեի գլխիս, գլխիս էին խփելու»,- պատմեց Սահակյանը։

Ոստիկանները խլել են նրա տեսախցիկը, ավելի ուշ՝ վերադարձրել, բայց առանց հիշողության քարտի։ Սսում է՝ նույնն է, թե գային ու վառեին արվեստանոցը։

«Ամենաշատը ազդում է, որ իմ հայրենակիցն է ինձ հետ էդպես վերաբերվել, հա, ինքը ոստիկան է, ես ոստիկան չեմ, մենք մեր գործն ենք արել, բայց մենք վնաս չենք տալիս մարդկանց»,- ասաց ֆոտոլրագրողը։

Հունիսի 23-ի առավոտվա մեկ այլ ականատես ու մասնակից, ակտիվիստ Հելենա Մելքոնյանի պնդմամբ՝ նրա հանդեպ նույնպես բռնի ուժ է կիրառվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից։ Նա հարցազրույցի եկավ կաղալով, ոտքերին՝ վիրակապեր։

«Կոճս լավ ուռած է, մեջքիս հատվածում կապտուկներ ու ցավեր ունեմ։ Չորս հոգով ոլորեցին ձեռքերս, բռնեցին ձեռքերիցս, ոտքերիցս, հետո փորձեցին ինձ մտցնել իրենց ֆուրգոնի մեջ, որով տեղափոխում էին մարդկանց»,- պատմում է ակտիվիստը։

Լուսադեմին Բաղրամյան պողոտայում քաղաքացիական հագուստով անձանց իրականացրած գործողությունները ուսումնասիրում է նաև մարդու իրավունքների պաշտպանը, ով արդեն հարցումներ է ուղարկել ոստիկանություն, տեղեկացրեց պաշտպանի տեղակալ Արմեն Գրիգորյանը։

Ոստիկանությունից հաղորդում են՝ ծառայողական քննություն են իրականացնում 23-ի գործողությունների վերաբերյալ, նյութեր են ուղարկել նաև Հատուկ քննչական ծառայությանը։

Մինչ այդ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում է՝ ոստիկանությունը հունիսի 23-ի առավոտյան որևէ օրենքով չի առաջնորդվել։

«Մարդիկ են [քաղաքացիական հագուստով], որոնց ոստիկանապետը բաց է թողնում ցուցարարների մեջ, որպեսզի նրանց ջարդեն, փշրեն, ծեծեն, առևանգեն և այլն»,- ասաց իրավապաշտպանը։

XS
SM
MD
LG