Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Բրազիլական «Էստադաո» թերթին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը անդրադարձել է հայ - թուրքական հարաբերություններին, նշելով՝ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է, անհրաժեշտ է հարգել ձեռք բերված համաձայնությունները և իրականացնել դրանք։ «Թուրքական կողմը հետքայլ կատարեց։ Ի՞նչ տեղի կունենա ապագայում։ Վստահ եմ, որ վաղ թե ուշ մենք պետք է միասին շրջենք այս էջը», - ասել է Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարը անդրադարձել է նաև Սիրիային, սիրիահայ համայնքին: «Ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում՝ ներառյալ այսպես կոչված «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրա» և այլ խմբերով հանդերձ, իրական վտանգ է ներկայացնում ոչ միայն փոքրամասնությունների, քրիստոնյաների, այլև ընդհանրապես Մերձավոր Արևելքի ժողովուրդների համար և տարածաշրջանից դուրս: Միջազգային հանրությունը պետք է համախմբի ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում», - ասել է Նալբանդյանը և նշել, որ Հայաստանը փորձում է աջակցել երկիր ժամանող սիրիահայերին։

Ռուսաստանի հետ հարաբերությունների կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարը ասել է, թե Արևմուտքի պատժամիջոցների հետևանքները ազդում են ոչ միայն Ռուսաստանի և վերջինի հետ սերտ տնտեսական կապեր ունեցող երկրների, այլ նաև նրանց վրա, որոնք որոշել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Բոլոր հարցերը պետք է կարգավորվեն երկխոսության, բանակցությունների և ոչ թե ուժի կիրառման, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքների միջոցով, բրազիլական թերթի թղթակցի հետ զրույցում ընդգծել է Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG