Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նախաձեռնության հանրային կապերի պատասխանատու Դավիթ Սանասարյանը այսօր երեկոյան հայտարարեց՝ իրենց պահանջների չկատարման դեպքում սկսում են «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան՝ ամեն օր Բաղրամյան պողոտայում առաջ տանելով որպես բարիկադ ծառայող աղբամանները։
«Դիմում ենք իշխանություններին՝ Բաղրամյան պողոտան չենք բացելու, քանի դեռ մեր պահանջները կատարված չեն։ Սպասում ենք մինչև երկուշաբթի 21։00-ն, և եթե մեր պահանջներից գոնե մեկը չկատարվի, ուրեմն սկսում ենք «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան։ Երկուշաբթի օրվանից քաղաքացիական շախմատի մեր այս կարևոր բարիկադները, որոնք աղբամաններ են կոչվում, նրանք վաղուց աղբամաններ չեն, նրանք մեր սիմվոլ բարիկադներն են, ամեն նոր օրվա 21։00-ին, եթե չենք ստանում պատասխան, մեկ քայլ առաջ տանում ենք դեպի Բաղրամյան»,- հայտարարեց Սանասարյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց ցուցարարների պահանջները՝ չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման հակասոցիալական որոշումը, պատժել խաղաղ հանրահավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և դադարեցնել քրեական հետապնդումն խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, վերանայել սակագինը՝ նվազեցման միտումով։
«Սա է այն առաջարկը, որ թարմացնելու քաղաքացիական պայքարը։ Մենք մարտի դուրս չենք եկել, շարունակում ենք մեր խաղաղ, բայց անկոտրում պայքարը»,- ասաց Սանասարյանը։