Մատչելիության հղումներ

Ֆրանսիան հրաժարվեց քաղաքական ապաստան տրամադրել Ասանժին


Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից հարցազրույց է տալիս ֆրանսիական TF1 հեռուստաալիքին, 24-ը հունիսի, 2015թ․
Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից հարցազրույց է տալիս ֆրանսիական TF1 հեռուստաալիքին, 24-ը հունիսի, 2015թ․

Ֆրանսիան մերժել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի՝ իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքը, հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը:

«Մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հաշվի առնելով իրավաբանական տեսանկյունները և Ասանժի նյութական իրավիճակը, Ֆրանսիան չի կարող բավարարել այդ խնդրանքը: Ասանժի իրավիճակը անհապաղ սպառնալիք չի ներկայացնում: Բացի այդ, նրա անունով տրվել է կալանքի եվրոպական օրդեր», - Le Figaro թերթի փոխանցմամբ՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարությունում:

Ավելի վաղ Le Monde թերթը հրապարակել էր Ասանժի նամակը, որում նա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին խնդրում էր իրեն ապաստան տրամադրել:

«Միայն Ֆրանսիան ներկա պահին հնարավորություն ունի ինձ առաջարկելու անհրաժեշտ պաշտպանություն քաղաքական հետապնդումների դեմ, որոնց ենթարկվում եմ ես այժմ», - ֆրանսիական պետության ղեկավարին գրել էր WikiLeaks-ի հիմնադիրը:

44-ամյա ավստրալացին, հիշեցնենք, 2012 թվականից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է պատսպարվում՝ խուսափելու համար Շվեդիային արտահանձնումից, որտեղ նրա նկատմամբ գործ է հարուցված սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Ինքը Ասանժը պնդում է, որ իրեն հետապնդում են իր հիմնադրած կայքի բացահայտումների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG