Մատչելիության հղումներ

«Շրջանառության հարկի մասին» օրենքը արդեն գործում է


«Շրջանառության հարկի մասին» օրենքը արդեն գործում է
please wait

No media source currently available

0:00 0:03:54 0:00

Երկրորդ օրն է՝ մանր ու միջին ձեռներեցներն աշխատում են շրջանառության հարկի մասին նոր օրենքով, որի փոփոխված տարբերակը բողոքի ցույցերի արդյունքում երկու անգամ հետաձգվել էր։

«Կասեցում» շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը, ով Երևանի շուկաներից մեկում առևտրով է զբաղվում, պնդում է, որ կառավարությունը, չնայած բազմաթիվ խոստումներին, անցած 6 ամիսներին այդպես էլ որևէ քայլ չի ձեռնարկել՝ իրենց աշխատանքը բարելավելու և շրջանառության հարկի կիրառումն ավելի նպաստավոր դարձնելու համար։

«Մենք վերջնական հարցի լուծում չտվեցինք, ուղղակի հարկատոկոսը բարձրացվեց։ Նորից շարունակվելու է հարկային տեսուչ և մանր ձեռներեց անձնական շփումները, նորից շարունակվելու է կաշառակերությունը, նորից շարունակվելու է ստվերի մեջ բիզնեսը», - ասաց Սամսոն Գրիգորյանը։

Օրենքի փոփոխությամբ, ձեռք բերված ապրանքների համար փաստաթուղթ չունենալու դեպքում այսուհետ 3.5 տոկոս հարկը ավելանում՝ դառնում է 5 տոկոս, փաստաթուղթ ունենալու դեպքում գործարարների հարկային բեռը 4 տոկոսով նվազում է։ Ձեռներեցները շեշտում են, որ քանի դեռ խոշոր ներկրողները հիմնականում փաստաթուղթ չեն տրամադրում ձեռք բերված ապրանքների համար, արտոնյալ պայմաններից քչերն են կարողանում օգտվել։

«Նորից փաստաթուղթ ստանալը պրոբլեմ է խոշոր ներկրողից, քանի որ էլի մենաշնորհներ են, էլի յուրահատուկ մարդկանց է թույլատրված ապրանք ներկրել Հայաստան։ Չի կարա մանր բիզնեսմենը ստիպի խոշորին, որ իրեն փաստաթուղթ տալ։ Ուղղակի էդ խոշորը կհրաժարվի նրան սպասարկել և վերջ», - ընդգծեց Գրիգորյանը։

Ընդ որում, ձեռներեցներն այսօր էլ պնդում են, որ փաստաթուղթ չտրամադրող հիմնական ներկրողները հենց պաշտոնյաներն են։ Իրենք իրենց դեմ այս դեպքում չէին պայքարի, ասում է գործարարը. - «Բոլորը գիտեն այդ անունները, բացեք ցուցակը, յուրաքանչյուր խոշոր ներկրող իմացեք՝ կառավարության անդամ ա ու չի տրամադրում փաստաթուղթ»։

Փոքր և միջին ձեռներեցներին աջակցող ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը, մատնանշելով օրենքի որոշակի դրական փոփոխություններ, որոնք արվեցին իրենց բողոքների արդյունքում, կանխատեսում է՝ այս օրենքի գործարկումից հետո կա՛մ գործարարները կթաքցնեն եկամուտները և կմեծանա ստվերը, կա՛մ կփակեն բիզնեսը։

«Հարկային բեռին որպես կանոն արձագանքում են երկու ձևի՝ կա՛մ անցնում են ստվեր, կա՛մ դուրս են գալիս խաղից՝ փակվում են, լուծարվում են։ Առաջիկա եռամսյակի արդյունքներով կտեսնենք՝ ինչպես արձագանքեց բիզնեսը», - ասաց Հակոբ Ավագյանը։

Պետական բյուջեից ֆինանսավորվող Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնն օրենքի փոփոխությունների մասին իրազեկող հանդիպումներ է անցկացնում Երևանում և մարզերում։ Ոմանք լավ են ընդունում այս փոփոխությունները, մի մասն էլ դժգոհում է, ասում է կենտրոնի տնօրեն Գեղամ Պետրոսյանը՝ այս փոփոխությունները դրական համարելով գործարարների համար։ Պետրոսյանը պնդում է, որ բիզնես դաշտը շրջանառության հարկի կիրառման համար ժամանակի ընթացքում կբարելավվի։ Ընդ որում, Գեղամ Պետրոսյանը չի տեսնում ո՛չ ստվերը մեծանալու, ո՛չ բիզնեսները փակելու վտանգներ։

«Ես ստվերը մեծանալու վտանգ չեմ տեսնում և ավելին՝ կարծում եմ, որ ստվերը սրա արդյունքում պետք է կրճատվի։ Չի լինի դա մեկ օրում։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկա ամիսներին կամաց-կամաց մարդիկ կսկսեն վերցնել ավելի շատ փաստաթղթեր, որ կիրառեն էն խթանը տնտեսական, որ վճարեն ավելի քիչ հարկեր», - ասաց Պետրոսյանը։

Չնայած ձեռներեցների դժգոհություններին, նրանք այս անգամ չեն նախատեսում փողոց դուրս գալ։ Արտակ Խաչատրյանը, ով կանգնած էր շրջանառության հարկի դեմ պայքարի առաջին շարքերում և դրա հետևանքով դաժան ծեծի ենթարկվեց, գիտի դրա պատճառը։

«Ցավոք սրտի, էսօր իշխանությունը այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ձեռներեցները ուղղակիորեն վախենում են դեմ արտահայտվել, քանի որ թե՛ օրենքով, թե՛ անօրինական ձևով կարող են ենթարկվել տեռորի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արտակ Խաչատրյանը։

Ի դեպ, Խաչատրյանին այս տարեսկզբին առևանգելու և ծեծի ենթարկելու գործն այդպես էլ չբացահայտվեց, չնայած տուժողը պնդում էր, որ իրավապահ մարմինները բավականաչափ ապացույցներ ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG