Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ:
Երեքշաբթի օրը, պատասխանելով լրագրողների հարցին, Պեսկովը, մասնավորապես, ասել է. - «Էլեկտրաէներգիայի սակագինը դա Հայաստանի ներքին հարցն է և անշուշտ չէր կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ»:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, նա այսպես է պատասխանել երբ լրագրողները հարցրել են, թե Ռուսաստանի և Հայաստանի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում արդյո՞ք քննարկվել է Հայաստանում տիրող լարված իրավիճակը: Պեսկովն ասել է, թե հարցը քննարկվել է երկկողմ հարաբերությունների համատեքստում:
«Հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչի մասին մենք հաղորդել ենք», - հավելել է նա:
Հայաստանի նախագահի ծննդյան օրվա առթիվ երեկ Սարգսյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: