Երևանի Ազատության հրապարակի մոտակայքում երեկ տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քննչական կոմիտեի փոխանցմամբ, երեկ 23:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բռնություն է գործադրել Երևանի Ազատության հրապարակի մոտակայքում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայող Գևորգ Ամյանի նկատմամբ։
Ըստ կոմիտեի հաղորդագրության, պարզվել է, որ բռնություն գործադրողը 22-ամյա Ա.Հակոբյանն է, ով, նախնական քննության արդյունքներով, բռունցքով 2 անգամ հարվածել է ոստիկանության ծառայողին՝ կապված վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ։
Հակոբյանը ձերբակալվել է՝ նշված արարքը կատարելու կասկածանքով։ Նա հրաժարվել է ցուցմունք տալ և ցանկություն հայտնել՝ հանրային պաշտպան ունենալու մասին։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ոստիկանության ծառայողին պատճառված վնասվածքի բնույթն ու աստիճանը պարզելու համար: