Ասիական արժեթղթերի շուկան մեծ անկում է գրանցել՝ կապված Հունաստանի հնարավոր դեֆոլտի և եվրագոտուց դուրս գալու հետ: Շանհայի արժեթղթերի շուկան վերջին երկու շաբաթվա ընթացքում 20 տոկոսի անկում է գրանցել, հունիսի 29-ին՝ 7 տոկոսի, Տոկիոյի արժեթղթերի շուկան կրճատվել է երեք տոկոսով, Հոնգ Կոնգինը՝ 3.6 տոկոսով:
Տնտեսական հարցերով ԵՄ հանձնակատար Պիեռ Մոսկովիցին հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը նոր առաջարկ կներկայացնի այսօր: Հանձնակատարն ասել է՝ «բանակցությունների համար դեռ տեղ կա»:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն էլ կիրակի հայտնել է, որ բանկերը վեց աշխատանքային օր փակ կլինեն: Հունիսի 30-ին լրանում է Արժույթի միջազգային հիմնադրամին Հունաստանի պարտքի մարման վերջնաժամկետը: Ցիպրասը ևս մեկ անգամ խնդրելու է հետաձգել պարտքի վճարումը: Արժույթի միջազգային հիմնադրամն էլ իր հերթին հայտարարել է, որ հետևում է Հունաստանի իրադարձություններին և պատրաստ է օժանդակություն տրամադրել: