Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներից ոմանք Ազատության հրապարակում են


«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներ Արամ Մանուկյանը և Արտուշ Չիբուխչյանը Բաղրամյան պողոտայում են: «Ազատության» հետ զրույցում նրանք ասացին՝ սա ժողովրդական շարժման դասական մոդել է, և ընդգծեցին, որ իրենք այդտեղ են և շարունակելու են մնալ ժողովրդի հետ:

Մինչդեռ շարժման մյուս երկու մասնակիցները՝ Վաղինակ Շուշանյանը և Մաքսիմ Սարգսյանը, Ազատության հրապարակում են: Նրանք շատ հուզված են, ժամանակ առ ժամանակ բարձրախոսով կոչ են անում չհեռանալ Ազատության հրապարակից, ասում են, որ փորձում են իրենց՝ Բաղրամյան պողոտայի վրա գտնվող ընկերներին բերել այստեղ:

Ակտիվիստները «Ազատությանը» փոխանցել են, որ Բաղրամյան պողոտայում սկսել էին այլ կոչեր հնչեցվել, կոչեր, որոնք կապ չունեն «Ո՛չ թալանին» շարժման հետ: Նրանք ընդգծեցին, որ շարժումը սկսել էր քաղաքականացվել: Շուշանյանը և Սարգսյանը, սակայն, չեն մասնավորեցրել, թե կոնկրետ ինչ կոչեր են հնչել և ովքեր են հնչեցրել դրանք:

Այս պահին Ազատության հրապարակում ոչ մեծաթիվ ցուցարարներ են հավաքվել, թեև երբ Բաղրամյանից մարդկանց մի խումբը շարժվեց դեպի Ազատության հրապարակ, նրանք այնքան շատ էին, որ մի պահ փակվել էր Մաշտոցի պողոտան: Սակայն այս պահին հրապարակում երևի հատուկենտ մարդիկ են մնում: Նրանք, ովքեր եկել էին Բաղրամյանից, այնուամենայնիվ, որոշում կայացրին վերադառնալ Բաղրամյան պողոտա: Նրանք, ովքեր եկել էին հենց Ազատության հրապարակ, կա՛մ այս պահին էլ այստեղ են, կա՛մ հեռացել են, գնացել են:

Նշենք, որ Բաղրամյանից բացի, ոստիկանները փակել են նաև Մաշտոցի պողոտան, Սայաթ Նովա, Թումանյան, Իսահակյան, Տերյան փողոցների որոշ հատվածներ:

Նանե Սահակյան, Սիսակ Գաբրիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG