Մատչելիության հղումներ

Կապանը նույնպես միանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին


Էլեկտրաէներգիա թանկացման դեմ նստացույցը Կապանում, 25-ը հունիսի, 2015 թ․
Էլեկտրաէներգիա թանկացման դեմ նստացույցը Կապանում, 25-ը հունիսի, 2015 թ․

«Ո՛չ թալանին» նախաձեռնության կապանցի անդամ Քնար Երվանդյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր երեկոյան Կապանի քաղաքապետարանին կից այգում նստացույց են սկսել՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, ի համերաշխություն Երևանում շարունակվող նստացույցի:

Երվանդյանի խոսքով, իրենք դեռ երեկ էին հավաքվել այդտեղ, փորձել էին սեփական ուժերով էկրան տեղադրել, որպեսզի եթերում հետևեն «Ազատության» ուղիղ միացումներին Բաղրամյան պողոտայից:

Այդ ընթացքում նրանց մոտեցել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը՝ խորհուրդ տալով նստացույցի փոխարեն նամակ գրել ՀՀ նախագահին:

Մարզպետը նաև մերժել էր ցուցարարների առաջարկը, որոնք խնդրել էին լուծել այգում մեծ էկրան տեղադրելու հարցը: Ակցիայի մասնակիցների փոխանցմամբ՝ Սուրիկ Խաչատրյանն ասել էր․ - «Եթե, օրինակ, ցանկանայիք ֆիլմ, կամ օլիմպիական խաղեր դիտել՝ խնդիր չէր լինի»:

«Քաղաքապետարանը հրաժարվում է պարզապես հոսանք տրամադրել: Համարում էին, որ հասարակական կարգը կարող է խախտվել: Բայց քանի որ իրավական հիմք չներկայացրեցին, մենք գտանք տեխնիկա, հարևաններից միացանք և ուղիղ կապով միացանք»,- նշեց Քնար Երվանդյանը:

Կապանի քաղաքապետը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ինքն էլ դժգոհ է էլեկտրաէներգայի թանկացումից, հասկանում է դժգոհողներին, բայց առաջարկում է էկրանը այլ վայր տեղափոխել։ «Ոչ թե դեմ եմ եղել էկրան տեղադրելուն, այլ առաջարկել եմ ավելի գեղեցիկ և տեղին տարբերակ․ ընդամենը հարյուր մետր հեռավորության վրա մենք ունենք բացօթյա բեմ, էկրանը անհամեմատ մեծ է, այնտեղ կան նաև նստարաններ և այլն, ինչպես նաև՝ հոսանք: Իսկ երիտասարդները ուզում էին անպայման փողոցի վրայով հոսանքի լար քաշել․․․ Իմ առաջարկը չընդունելուց հետո իմ ներկայությամբ, իմ համաձայնությամբ արել են, և մինչև վերջ ես իրենց հետ եմ եղել», - նշեց Աշոտ Հայրապետյանը։

Ցուցարարները մերժել են առաջարկը, ընդ որում, պնդում են, որ մարզպետի ու քաղաքապետի այցելությունից հետո նստացույցի մասնակիցների թիվը կտրուկ նվազել է։ Քնարի խոսքով՝ 70-հոգուց այգում մնացել են շուրջ 40-ը:

Սուրիկ Խաչատրյանի հետ զրուցել չհաջողվեց: Իսկ մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը բացարձակ սուտ որակեց երիտասարդների խոսքերը՝ նախագահին նամակ գրելու և էկրան տեղադրել-չտեղադրելու վերաբերյալ:

Նրա խոսքով՝ պարզապես հումորով, մտերմիկ զրույց է եղել այդ պահին քաղաքով զբոսնող մարզպետի ու ակցիայի մասնակիցների միջև․ - «Ինքը մոտեցել է երիտասարդներին՝ 15 հոգի, ովքեր հավաքված են եղել քաղաքապետարանի դիմաց: Եղել է քաղաքապետի հետ, խոսել է երիտասարդների հետ շատ բարյացակամ, հարցեր են տվել, կատակել են: Մարզպետը ո՛չ գովել է նրանց, ո՛չ փնովել է: Պարզապես շփվել է նրանց հետ»:

XS
SM
MD
LG