Մատչելիության հղումներ

Ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային իր վիրտուալ աշխարհից վերադառնա իրական աշխարհ․ Նալբանդյան


Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային իր վիրտուալ աշխարհից վերադառնա իրական աշխարհ:

Նալբանդյանը այդ մասին հայտարարել է՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի զեկույցին, որում ներառված էր «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթում» նախադասությունը, որը, սակայն, հայկական պատվիրակությանը հաջողվել է փոխարինել «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» տերմինով:

«Կասեի, որ օրեցօր վատթարացող, ես անգամ կավելացնեի՝ ազատ անկման մեջ գտնվող իր միջազգային վարկանիշը Ադրբեջանը ապարդյուն փորձում է փրկել տարբեր միջազգային հարթակներում: Փորձում է արդարացնել իր ավտորիտար վարչակարգը և մարդու իրավունքների ոտնահարումները՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առկայությամբ: Դրա վառ օրինակներից էր այն փորձը, որը կատարվեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ձեր հիշատակած բանաձևի հետ կապված», - Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ասել է Նալբանդյանը:

«Բայց Ադրբեջանը ձախողվեց թե՛ մեկ և թե՛ մյուս հարցում», - շեշտել է նա՝ շարունակելով. - «Ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական նավթադոլարների օգտագործումը սրտխառնոց է սկսել առաջացնել, և մի շարք պատգամավորներ իրենց քննադատությունը և իրենց անհամաձայնությունը հայտնեցին այդ մոտեցման հետ: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանը նավթախավիարային իր վիրտուալ աշխարհից վերադառնա իրական աշխարհ»:

«Դա օգտակար կլինի առաջին հերթին Ադրբեջանի համար, որպեսզի նա առավել մեկուսացման մեջ չհայտնվի միջազգային ասպարեզում», - նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG