Մատչելիության հղումներ

Վարչապետը դիմել է ցուցարարներին՝ «նման ոճը որևէ հաջողության չի բերի»


Վարչապետը դիմել է ցուցարարներին՝ «նման ոճը որևէ հաջողության չի բերելու»
please wait

No media source currently available

0:00 0:01:45 0:00

Իշխանությունն այսօր ի վերջո հրապարակավ արձագանքեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ օրեր շարունակ չդադարող բողոքի ցույցերին։ Առավոտյան կառավարությունը որոշեց ամսական 2000 դրամով ավելացնել անապահով ընտանիքների նպաստը։ Միաժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց՝ Բաղրամյան պողոտան փակելը չի համապատասխանում Սահմանադրությանը:

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ դիմել մեր ակտիվիստներին, այդ հանրահավաքների կազմակերպիչներին, որ նման ոճը որևէ հաջողության չի բերելու։ Ես առաջարկում եմ լինել ավելի կառուցողական։ Կառավարությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուր հարց, խնդիր, որ բարձրացվում է իրենց կողմից, ուղղակի փակելով կենտրոնական փողոցներից մեկը, նաև խաթարելով մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը, դա, իմ կարծիքով, չի համապատասխանում մեր Սահմանադրությանը և օրենքներին»,- ասաց վարչապետը։

Գործադիրի որոշման համաձայն՝ օգոստոսի 1-ից, երբ էլեկտրաէներգիան կթանկանա շուրջ 7 դրամով, 105 հազար անապահով ընտանիքների նպաստի չափը կավելանա ամսական 2000 դրամով: Ներկայացնելով որոշումը՝ վարչապետը վերահաստատեց իշխանությունների դիրքորոշումը՝ թանկացումը հիմնավոր է, իսկ պատճառներն են սակավաջրությունը, ատոմակայանի՝ ծրագրվածից ավելի երկար չաշխատելը ու դրամի՝ վերջին երեք տարում շուրջ 20 տոկոս արժեզրկումը:

Հովիկ Աբրահամյանը նաև սպառնաց՝ եթե չգնան թանկացման, հովհարային անջատումները շատ արագ կվերադառնան առօրյա:

«Հանրապետության նախագահի հետ խորհրդակցելով՝ մենք նախապատրաստել ենք որոշում, որով սոցիալապես անապահով շուրջ 105 հազար ընտանիքների կամ շուրջ 400 հազար անձանց համար առաջարկվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը ավելացնել տարեկան 24 հազար դրամով»,- ասաց վարչապետը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ իրենք հաշվարկել են՝ էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով յուրաքանչյուր անապահով ընտանիք ամսական լրացուցիչ կծախսի միջինը 1400 դրամ, ուստի կառավարությունը որոշել է հատկացնել 2000 դրամ՝ փոխհատուցելու էլեկտրաէներգիայի թանկացմամբ պայմանավորված այլ ծախսերը նույնպես:

Այն, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կբերի բազմաթիվ այլ ապրանքների ու ծառայությունների թանկացման, կառավարության անդամները չեն հերքում. իսկ թե ինչո՞ւ է կառավարությունը որոշել 600 դրամ հատկացնել այդ նպատակով, պարզ չէ: Բայց հստակ է՝ այսօր այդ գումարով երևանյան խանութներում կարելի է գնել ընդամենը մեկ կիլոգրամ հաց:

Նախարարը նշեց՝ կառավարությունն էլ դեռ հաշվարկներ չի արել, թե էլեկտրաէներգիայի թանկացումը որքանո՞վ կբարձրացնի այլ ապրանքների ու ծառայությունների գները: «Այդ պարագայում ինչո՞ւ եք որոշել հատկացնել հենց 2000 դրամ, միգուցե այդ գումարը դեռ մի բան էլ շատ է և կարիք չկար նման առատաձեռնություն ցուցաբերել»,- դիմեցինք նախարարին:

«Ես չեմ կարծում, որ սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող նպաստների առումով ներկայումս տեղին է քննարկել «շատ էր, թե՝ քիչ էր» հարցը»,- ասաց նախարարը։

Փաստորեն կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանի քաղաքացին պետք է վճարի ոչ միայն թանկացած էլեկտրաէներգիայի դիմաց, այլև իր անապահով հարևանին օգնելու համար, որովհետև պետբյուջեից հատկացվող այդ երկու հազարական դրամները դարձյա՛լ քաղաքացիների գրպանից են։

«Ես կարծում եմ, որ սոցիալական քաղաքականության շրջանակներում իրականացվող ծրագրերը պետք է համահունչ լինեն մեր սոցիալ-տնտեսական իրավիճակին և ունեցած հնարավորություններին»,- ասաց Ասատրյանը։

XS
SM
MD
LG