Երեկ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Գերմանիայի պատվիրակությանը՝ պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի գլխավորությամբ։
ՀԱԿ-ի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ օրեցօր թափ հավաքող պայքարը, ինչպես նաև ցուցարարների, քաղաքացիների և լրագրողների դեմ բռնությունների մանրամասները։
«Զրույցի ընթացքում ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր պատկերը, մասնավորապես՝ ընտրական ինստիտուտի ոչնչացումը իշխանությունների կողմից, այսպես կոչված սահմանադրական բարեփոխումների իրական ու բուն նպատակները, հեռուստատեսության նկատմամբ իշխանության կողմից տոտալ վերահսկողությունը և գրաքննությունը, քաղբանտարկյալների վերաբերյալ խնդիրները», - ասված է հաղորդագրությունում։