Այսօր ժամը 18-ին «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հավաք հայտարարեց Երևանի Ազատության հրապարակում՝ նշելով, որ հրապարակում հավաքվածները երթով կշարժվեն Բաղրամյան պողոտա և կմիանան նստացույցի մասնակիցներին։
«Պետք չէ, որ Բաղրամյանում գտնվողներս գնանք Ազատության հրապարակ ու նորից գանք, մենք մնում ենք, իսկ ովքեր ուզում են՝ թող այնտեղից երթով միանան մեզ», - հայտարարեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ցույց է նախատեսված Արագածոտնի մարզում, իսկ թե որ քաղաքում՝ չհստակեցրեց։ Շուշանյանի խոսքով, Կոտայքի մարզում, մասնավորապես՝ Չարենցավանում, այսօր բողոքի ավտոերթ կանցկացվի։
Վաղինակ Շուշանյանը նաև ասաց, որ իր տեղեկություններով, այսօր ժամը 17-ին Թբիլիսիում հայերը բողոքի մեծ ակցիա կանցկացնեն Հայաստանի դեսպանատան դիմաց, հավելելով, որ բողոքի ցույցեր կլինեն նաև Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան դիմաց, Ֆրանսիայում, Բրյուսելում։
Հովհաննես Մովսիսյան