Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը բռնությունների մասին կբարձրաձայնի ԵԽԽՎ-ում


ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան, արխիվ
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան, արխիվ

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր հայտարարեց, որ Կոնգրեսը շրջում է ոստիկանության բաժանմունքներում, հիվանդանոցներում, հանդիպումներ ունենում բերման, բռնության ենթարկված լրագրողների, քաղաքացիների հետ։

Նա նշեց, որ այդ բոլոր դեպքերն ուսումնասիրելուց հետո փաթեթով կփոխանցեն այս օրերին Ստրասբուրգում գտնվող ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, վերջինս էլ այդ բռնությունների մասին կբարձրաձայնի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում։

ՀԱԿ-ն այսօր նաև հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. - «Հերթական անգամ խաղաղ հավաք անցկացնող ցուցարարների նկատմամբ իշխանությունները անհամաչափ ուժ կիրառեցին, շուրջ 250 ակտիվիստների, հավաքի մասնակիցների և լրագրողների բերման ենթարկեցին: Բռնություններ են կիրառվել բազմաթիվ քաղաքացիների, լրագրողների նկատմամբ: Ոչնչացվել և վերցվել են տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, կրիչներ: Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքը բռնությամբ ցրելուց հետո հավաքի մասնակիցները հետապնդվել են մինչև Ազատության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Փակ Շուկա»:

ՀԱԿ-ը պահանջում է անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված քաղաքացիներին, իսկ անհամաչափ ուժ կիրառած պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության:

Ի նշան բողոքի, հիշեցնենք, այսօր ՀԱԿ խմբակցությունը լքեց Ազգային ժողովի նիստերի դահլիճը:

Տաթևիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG